Նիկոլը ոչնչացրեց Մինսկի խումբը իր հիմար հայտարարություններով. Սամվել Նիկոյան
Այսօր Հանրապետական կուսակցության անդամները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարներին, հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին։ Նամակը դեսպանատան ներկայացուցչին հանձնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն անդրադառնալով Երրորդ նախագահի բաց նամակի մեսիջներին ու սպասելիքներին Մինսկի խմբի համանախագահող երկրներից, նկատեց՝ սա նշանակում է ակնարկ Մինսկի խմբին, որ անելիքներ ունի։
«Սերժ Սարգսյանը նամակում հստակ ասել էր՝ Արցախի հարցում անառարկելի ինստիտուցիոնալ հիշողություն կրող երկրների ղեկավարներ, դուք ունեք մարդիկ, մասնագետներ և գիտեք, որ հասել էինք ԼՂ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքին», այսինքն՝ հիշեցնում է այն, ինչին մենք հասել էինք։ Բայց հիմա, իհարկե, խնդիրը վերաբերում է Արցախում հումանիտար աղետի կանխմանը։ Իհարկե, նշում է նաև, որ այն, ինչ այսօր հայտարարվում է ՀՀ իշխանությունների կողմից, լուրջ մի ընդունեք, դա ժողովրդի կարծիքը չէ, լեգիտիմ չէ։
Նաև շատ հստակ հիշեցումն է այն փաստաթղթին, այն հանգրվանին, որ միասին մենք կարողացել ենք հասնել։ Այնտեղ հստակ կա, բայց գրված չէ, ընթերցվում է տողերի արանքից, որ 5 անգամ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հայտարարել են, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում»,- նշեց Սամվել Նիկոյանը։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի բաց նամակի բովանդակությունը նաև այն է, որ այն, ինչ գրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթներով հստակ ֆիքսված է ազգերի ինքնորոշման իրավունքը, և ՄԱԿ-ի անդամ երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, հիմա ուր են։ Սերժ Սարգսյանը հիշեցնում է նրանց այդ հայտարարությունների մասին։
«Շատ ենք սիրում ասել, որ աշխարհը հիմա մտել է նոր փուլ, չեն գործում անվտանգային համակարգերը, հզորների համար երբեք էլ անհրաժեշտ չեն եղել անվտանգային համակարգերը, դրան փոքր պետությունները պետք է անընդհատ ձգտեն։
Մենք պետք է անընդհատ ասենք՝ Մինսկի խումբ. Նիկոլը ոչնչացրեց այդ խումբն այն հիմար հայտարարությունով, որ բանակցությունները կսկսի զրոյական կետից։ Դա նշանակում էր՝ Մինսկի խումբ, մինչև հիմա ինչ արել ես, դա զրո է»,- եզրափակեց Սամվել Նիկոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում