Բաժիններ՝

Հիվանդություններն օգնում են մարդկանց

– Հա՛յր, ի՞նչ է նշանակում «քեզ բարի դրախտ» արտահայտությունը:

– Քեզ բարի ճանապարհ դեպի դրախտ:

– Իսկ միգուցե՞ այդ արտահայտությունը նշանակում է. «Մաղթում եմ, որպեսզի բարի դրախտում հայտնվես»:

– Դու երբևէ լսե՞լ ես, որ ինչ-որ մեկը ոչ բարի դրախտի մասին խոսի: Սակայն ինչ էլ որ պատահի, քաղցր դրախտ հասնելու համար մարդ այս կյանքում պետք է շատ դառնություն ճաշակի: Այսպես նա իր անցած փորձությունների «ելքի թույլտվությունը» կունենա ձեռքին: Իսկ ի՜նչ է կատարվում հիվանդանոցներում: Ինչպիսի՜ ողբերգություններ: Ինչպիսի՜ ցավեր ունեն մարդիկ: Որքա՜ն դժբախտ մայրեր կան, որ վիրահատության գնալիս իրենց երեխաների մասին են մտածում և մտահոգվում են իրենց ընտանիքների համար: Քանի՜-քանի՜ հայրեր քաղցկեղով հիվանդ են, գնում են ճառագայթման և որքա՜ն են տանջվում:

Այդ մարդիկ ի վիճակի չեն աշխատելու, բայց պետք է ապրուստի համար վճարեն, չէ՞ որ այդքան ծախսեր ունեն: Նույնիսկ առողջ մարդիկ չեն կարողանում հաղթահարել այդ դժվարությունները, էլ ի՜նչ ասես նրանց մասին, ովքեր հիվանդ են և միևնույն ժամանակ ուժասպառ են լինում, աշխատում են, որպեսզի գոնե ինչ-որ կերպ իրենց ընտանեկան ծախսերը հոգան: Մարդկային վիշտը սարսափելի ճնշում է ինձ: Ինչե՜ր եմ լսում ամեն օր: Անվերջ տառապանք, դժվարություններ… Ողջ օրը բերանս լի է մարդկային ցավի դառնությամբ, իսկ երեկոյան սոված պառկում եմ գոնե մի քիչ հանգստանալու: Մեծ ֆիզիկական հոգնածություն եմ զգում, բայց միևնույն ժամանակ և ներքին հանգստություն եմ ստանում:

– Հա՛յր, հիվանդությունը մի՞շտ է մարդուն օգուտ բերում:

– Այո՛, այն միշտ մեծ օգուտ է բերում: Հիվանդություններն օգնում են առաքինություններից զուրկ մարդկանց շարժել Աստծու ողորմածությունը: Առողջությունը մեծ բան է, բայց այն բարիքը, որ հիվանդությունն է բերում մարդուն՝ առաղջությունը տալ չի կարող:

Հիվանդությունը մարդուն հոգևոր բարիք է բերում: Հիվանդությունը շատ մեծ լավություն է: Այն մարդուն մաքրում է մեղքից, իսկ երբեմն «երաշխավորում է» [երկնային] վարձքը: Մարդու հոգին ոսկու պես է, իսկ հիվանդությունը՝ կրակի, որ մաքրում է այդ ոսկին: Տե՛ս, Քրիստոս էլ Պողոս առաքյալին ասաց. «Իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ Կորնթ. 12:9): Որքան շատ է մարդը տառապում հիվանդությունից, այնքան ավելի մաքուր ու սրբագործված է դառնում, միայն թե համբերի ու հիվանդությունն ուրախությամբ ընդունի:

Միակ բանը, որ անհրաժեշտ է որոշ հիվանդությունների դեպքում, մի փոքր համբերությունն է: Աստված հիվանդությունը թույլ է տալիս, որպեսզի մարդ մի փոքր վարձքի արժանանա և այդ հիվանդության միջոցով Աստված մաքրում է մարդուն իր թերություններից:

Չէ՞ որ ֆիզիկական հիվանդությունը նպաստում է հոգևոր հիվանդության ապաքինմանը: Մարմնի հիվանդությունը մարդուն խոնարհություն է բերում և այդ կերպ չեզոքացնում է նրա հոգևոր հիվանդությունը: Աստված ամեն ինչ հօգուտ մարդու բարօրության է անում: Այն ամենն, ինչ Աստծու թողտվությամբ է լինում, մեզ մեծ հոգևոր օգուտ է բերում: Նա գիտի, թե մեզանից յուրաքանչյուրին ինչ է անհրաժեշտ և դրան համապատասխան հիվանդություն է տալիս, կամ, որպեսզի վարձք ստանանք դրա դիմաց, կամ, որպեսզի ինչ-որ մեղք քավենք:

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս