«Ուզո՞ւմ էիք, որ Արցախից հնչող ձայներն ասեին՝ ճիշտ ե՞ք անում, որ կործանում եք Հայաստանը». Արտակ Զաքարյանը՝ իշխանական քարոզիչներին

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանական որոշ քարոզիչներ նեղվել են Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանի այսօրվա ելույթից: Իսկ ի՞նչ ելույթ էիք սպասում համբերատար պայքարող, իսկ հիմա էլ ձեր քաղաքականության պատճառով սովահարության ու աղետի մեջ հայտնված Արցախահայերից, երբ հպարտորեն հայտարարում և մեկդ մյուսին հերթ չտալով պատրասատակամություն եք հայտնում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում:

Ուզո՞ւմ էիք, որ ասեին կեցցե՛ք, լավ եք արել, որ թշնամուն եք հանձնել և հանձնում հայության անքակտելի մասնիկը, հայոց հազարամյա պատմության, մշակույթի, ինքնության ու արժեքների ամենաընդգծված ազգային տարածքը:

Ուզո՞ւմ էիք, որ Արցախից հնչող ձայներն ասեին՝ ճիշտ ե՞ք անում, որ կործանում եք Հայաստանը:

Այո՛, առանց Արցախի չի լինելու նաև Հայաստանի Հանրապետությունը և հակառակը՝ առանց Հայաստանի Հանրապետության, չի լինելու նաև հայկական Արցախը: Սա պետք է Աստվածաշնչյան ճշմարտության պես անգիր անենք ու միշտ հիշենք:

ՔՊ պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ձեր վերջին շրջանի հրապարակային ադրբեջանահաճո ուրացումները ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի ու Սփյուռքի ճնշող մեծամասնության մոտ հակակրանք են առաջացնում: Մի պայքարեք համազգային ճշմարտության դեմ: Սովորեք լսել հայ ժողովրդի ձայնը և ընդունել այն, որքան էլ որ կոշտ ու դաժան լինի (գուցե նաև անընդունելի վիրավորական):

Եվ եթե կարող եք՝ ապացուցեք, որ դուք արժանի չեք կոշտ քննադատության ու դադարեցրեք հայ ժողովրդին «վախեցնել» ձեր ազգակործան թեզերով:

Այսօր արդեն շատերի կարծիքով, գուցե մենք սխալ ենք արել, որ հեռացել ենք իշխանությունից, բայց որքան էլ, որ դժվար լիներ՝ ՀՀ օրինական ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանը որոշումը կայացրել էր ժողովրդի ձայնը հարգելով ու պահանջն ընդունելով:

Մեր իշխանության բոլոր թերություններով հանդերձ, մենք թողել ենք ամուր պետություն, անվտանգ միջավայր, արտաքին քաղաքական վստահելի հարաբերություններ, համախմբված հասարակություն և ինչպես դուք էիք սիրում ասել՝ հպարտ քաղաքացիներ: Դո՞ւք ինչ եք թողնում ձեզանից հետո, մտածե՞լ եք այդ մասին:

Մի գեղեցիկ օր դուք էլ ստիպված եք լինելու լսել ու կատարել ժողովրդի պահանջները, բայց գոնե տեղ թողեք հայ հասարակության մեջ ձեզ վերագտնելու համար: Այս օրհասական պահին մի շարունակեք պառակտել հայ հասարակությանը: Այն այլևս ձեր շահերից չի բխում»:

Տեսանյութեր

Լրահոս