Իրանը հերքել է մեղադրանքները, թե Ինդոնեզիայի կալանած լցանավի բեռը Թեհրանին է պատկանում
Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է, որ օրերս Ինդոնեզիայի կողմից կալանված լցանավի նավթն Իրանին չի պատկանում։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Իրանի նավթի նախարարությունը հուլիսի 21-ին ծանուցել է, որ MT ARMAN 114 նավթատար լցանավի նավթն Իրանին չի պատկանում։
Ըստ գերատեսչության՝ այն մեղադրանքները, թե նավթն Իրանին է պատկանում, իրականությանը չեն համապատասխանում և Իրանի դեմ բացասական քարոզարշավի նպատակ ունեն։
MT ARMAN լցանավը տանում էր գրեթե 273 հազար մետրիկ տոննա նավթ՝ մոտ 304 մլն դոլար արժողությամբ։ Այն կալանվել է հուլիսի 7-ին։
Նավի կալանման մասին Ինդոնեզիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտնել էր հուլիսի 11-ին։ Ըստ ծառայության՝ Հյուսիսային Նատունայի շրջանում Կամերունի դրոշով նավարկող S Tinos լցանավից նավթ է փոխաբեռնվել Իրանի դրոշով նավարկող MT Arman 114 լցանավ: Հաղորդվում էր, թե երկու լցանավերը փորձել են փախչել, և իշխանությունները որոշել են հետապնդել MT Arman 114 լցանավը:
Լրատվամիջոցները նշում են, որ նավի նավապետը՝ Եգիպտոսի քաղաքացի, ինչպես նաև անձնակազմի 28 անդամները և անվտանգության ծառայության սպայի ընտանիքի երեք անդամները կալանավորվել են: