Հայաստանը UNIDO-ի CIP ինդեքսով առաջընթաց է գրանցել 23 հորիզոնականով 2012թ. համեմատ
ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման հիմնադրամը (UNIDO) հրապարակել է Արդյունաբերական մրցակցային արդյունավետության 2023թ․ ինդեքսը (Competitive Industrial Performance – CIP), որը հաշվարկվել է 153 երկրների (այդ թվում՝ Հայաստանի) համար։ Ինդեքսը գնահատում է երկրի ապրանքներ արտադրելու և արտահանելու ունակությունը։ Այն իրենից ներկայացնում է արդյունաբերությանը և արտահանմանն առնչվող 8 ենթացուցիչների երկրաչափական միջին, և արժեքներ է ընդունում 0-ից 1 միջակայքում, որտեղ 0-ն` վատագույն, իսկ 1-ը լավագույն արժեքն է։
Արդյունաբերական մրցակցային արդյունավետության ինդեքսի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 0.014 միավորով զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը։ 2012 թվականի համեմատ Հայաստանն իր դիրքը բարելավել է 23 հորիզոնականով (տեղով), իսկ ինդեքսի աճը կազմել է 0.0027 միավոր: 2020 թվականի համեմատ (երբ տնտեսական անկումը կազմել էր 7.2%, իսկ արդյունաբերության ծավալը նվազել էր 8.9%-ով) Հայաստանն իր դիրքը բարելավել է 4 հորիզոնականով, իսկ ինդեքսն աճել է 0.0005 միավորով։ 2018 և 2019 թվականներին ինդեքսն ավելի բարձր է եղել քան 2023-ին, իսկ 2017-ին Հայաստանի ինդեքսը եղել է նույնքան, որքան հիմա։
Հայաստանի ինդեքսն ամենաբարձրն է եղել 1991 թվականին, սակայն մեր երկիրն այդ ժամանակ էլ (ինչպես և ներկայումս) զբաղեցրել է 93-րդ հորիզոնականը։
Ինդեքսի վարկանիշային աղյուսակում առաջատարը Գերմանիան է՝ 0.404 միավորով։ Գերմանիայի ինդեքսը շուրջ 29 անգամ գերազանցում է Հայաստանի ինդեքսին։
Հայաստանի ներկայիս ինդեքսը շուրջ 4.5 անգամ զիջում է համաշխարհային միջինին, որը կազմում է 0.061 միավոր։
Ինդեքսի վարկանիշային աղյուսակի 153 երկրներից 23 երկրների ինդեքսն ավելի քան 10 անգամ գերազանցում է Հայաստանի ինդեքսին։