
Վիեննայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել է արագ շախմատի մրցաշար

Վիեննայում Հայաստանի դեսպանության և մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ կազմակերպվել է արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Շախմատի համաշխարհային օրվան:
Ինչպես տեղեկանում ենք Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից, Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված մրցաշարին մասնակցում էին դիվանագիտական կորպուսի, Ավստրիայի ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների ներկայացուցիչներ, պատվո հյուպատոսներ: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Միխայել Շտոտինգերը:
Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է շախմատում Հայաստանի անհատական և թիմային հաջողություններին, կրթության ոլորտում շախմատի կիրառման հաջող փորձին: Ընդգծվել է շախմատի դերը երկխոսության, համերաշխության և խաղաղության մշակույթն առաջ մղելու գործում:
Մրցաշարի հաղթողները պարգևատրվել են Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահի կողմից:
2019 թ. դեկտեմբերի 12-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է «Շախմատի համաշխարհային օր» խորագրով բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է որպես շախմատի համաշխարհային օր։
Բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ 53 անդամ պետություններ, ճանաչում է շախմատի ընձեռած հնարավորությունները կրթության զարգացման, կանանց կարողությունների ամրապնդման, ներառականությանը, փոխըմբռնմանը և հարգանքին նպաստելու գործում: