Առյուծը Բեռլինում․ գիշատչի որոնումներում ներգրավված է 220 ոստիկան
Բեռլինի հարավային արվարձաններում շարունակվում են էգ առյուծի որոնումները, որին առաջին անգամ նկատել են հուլիսի 19-ին՝ Կլայնմախնով կոմունայում։ Որոնումներին մասնակցում է 220 ոստիկան, որոնց օգնում են անասնաբույժները և որսորդները։
Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ից, որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և ջերմային տեսախցիկներ։
Հուլիսի 19-ի երեկոյան բջջային հեռախոսով նկարահանված, ոչ այնքան հստակ կադրերով տեսանյութ էր տարածվել, որը ցույց էր տալիս թփերում թաքնված կենդանուն։ Մինչև հուլիսի 20-ի երեկոյան Բեռլինում և մերձակա Բրանդենբուրգի նահանգում կենդանուն նկատելու մասին տարբեր հաղորդումներ են ստացվել։
Տեղի բնակիչներին հորդորել են զգույշ լինել և խուսափել անտառներում զբոսանքներից։ Բրանդենբուրգի ոստիկանությունը կոչ է արել գիշատչին տեսնելուն պես թաքնվել և կապվել իշխանությունների հետ։ Կլայնմախնով կոմունայի բնակիչներին կոչ են արել տնից դուրս չգալ և ընտանի կենդանիներին նույնպես ներսում պահել։
Առայժմ պարզ չէ, թե որտեղից է եկել առյուծը։ Կենդանաբանական այգիները, կենդանական զբոսայգիները և կենդանիների խնամքով զբաղվող հաստատությունները կորած առյուծի մասին չեն հայտնել։