Լեհաստանը հայտնել է, որ զորքեր է տեղափոխել Բելառուսի հետ սահման՝ «Վագներ» խմբի հետ վարժանքների պատճառով
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել զորքերի վերատեղաբաշխում կատարել երկրի արևմտյան հատվածից դեպի արևելք՝ Բելառուսի հետ սահմանին ավելի մոտ։ Դրա պատճառ են նշվում այն հաղորդումները, որ այնտեղ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մասնակցությամբ զորավարժություններ են պլանավորվում։
Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, հուլիսի 21-ին այդ մասին Լեհաստանի մամուլի գործակալությանը հայտարարել է կառավարության Անվտանգության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Զբիգնև Հոֆմանը։
«Հանձնաժողովը վերլուծել է հնարավոր սպառնալիքները, այդ թվում՝ «Վագներ» խմբի ստորաբաժանումների տեղակայումը: Այդ պատճառով պաշտպանության նախարար, հանձնաժողովի ղեկավար Մարիուշ Բլաշչակը որոշում է կայացրել մեր զինվորական կազմավորումները Լեհաստանի արևմուտքից տեղափոխել արևելք», -ասել է նա:
Ինչպես նշել է Հոֆմանը, «այդ ստորաբաժանումների խնդիրներն են զորավարժությունները, ինչպես նաև հնարավոր ագրեսորի զսպումը»։
Լեհաստանի իշխանությունների վարկածով՝ բելառուսական բանակի և «Վագներ» խմբի համատեղ զորավարժություններն «անհերքելի սադրանք են»։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանրապետության հատուկ գործողությունների ուժերը մասնավոր ռազմական ընկերության մարտիկների հետ մի շարք ուսումնամարտական խնդիրներ կմշակեն Բրեստի զորավարժարանում, որը գտնվում է Լեհաստանի հետ սահմանի մերձակայքում։ Բացի այդ, Բելառուսի ռազմական գերատեսչությունում հայտնել են, որ «Վագների» մարտիկները մասնակցում են տեղի տարածքային զորքերի զինծառայողների պատրաստմանը Մոգիլյովի մարզի Օսիպովիչի քաղաքի շրջանում։ Մինսկը չի նշում մասնավոր ռազմական ընկերության՝ Բելառուս ժամանած մարտիկների թիվը: