Արայիկ Հարությունյանն ունեցվածք է դիզում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլելով, գավազանը ձեռքին մինչեւ Երեւան հասած Արայիկ Հարությունյանը, պաշտոնից պաշտոն փոխելով, ի վերջո հանգրվանեց Փաշինյանի կողքին եւ այս տարիների ընթացքում ունեցվածք է դիզում:
Կրթության նախկին նախարարը 2021 թվականից Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարն է:
Ու երբ 2018 թվականին ներկայացրել է հայտարարագիր՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար դառնալուց առաջ ունեցվածքի վերաբերյալ, նշել է, որ ստացել է 1 մլն 841 հազար դրամ տարեկան եկամուտ: Այժմ, երբ նա վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, տարեկան եկամուտները կազմել են 25 մլն 278 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին, երբ դեռ որեւէ պաշտոն չուներ, ԵՊՀ դասախոս էր, Հարությունյանը 688 հազար դրամ է ստացել որպես աշխատանքի վարձատրության:
Հարությունյանը 2018 թվականին հայտարարագրել է մեկ բնակարան, սակայն դրանից հետո ներկայացված տարեկան հայտարարագրերում 2019-2021 թվականների համար Հարությունյանը գրել է, թե բնակարան չի ունեցել: 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ Արայիկ Հարությունյանը չի բացատրել, թե ուր է կորել իր բնակարանը: Փոխարենը արդեն 2022 թվականի հայտարարագրում գրել է, որ ձեռք է բերել հիպոթեքային վարկով բնակարան՝ 27 մլն 544 հազար դրամ արժողությամբ:
2022 թվականին Արայիկ Հարությունյանը նաեւ հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Նաիրի համայնքում՝ վճարելով 8 մլն 320 հազար դրամ: Թե որքան է հողամասը եւ ինչ նպատակով, հակակոռուպցիոն կազմակերպության անդամը չի մանրամասնել:
Կասկածելի բաներ կան նաեւ Հարությունյանի ստացած եկամուտների մասով: Նրա հանձնած եւ վերադարձված փոխառությունները կազմել են 7 մլն 223 հազար դրամ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից: Դարձյալ պարզ չէ, թե ինչ է սա:
ՀՀ կրթության, գիտության նախկին նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 մլն 734 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 150 հազար դրամ:
Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 278 հազար դրամ, որից 3 մլն 068 հազար դրամը եկամտահարկի վերադարձի օրենքով ստացված գումարն է ՀՀ ֆինանսների նախարարությունից հիպոթեքի մայր գումարը մարելու համար:
Ինչպես տեսնում ենք, ՔՊ-ական պաշտոնյաները, իշխանության գալով, հողամասեր են ձեռք բերում մարզերում, մասնաբաժիններ են գնում կազմակերպություններից, տներ, իսկ Հայաստանում բարձրանում է աղքատության մակարդակը:
Ավելին՝ նրանք հարստանում են, իսկ Արցախի քաղաքացիները սովամահ են լինում՝ 223 օր շրջափակված լինելով Արցախում»: