Զախարովան նշել է հացահատիկի գործարքի քննարկմանը վերադառնալու պայմանները
ՄԱԿ-ը դեռևս երեք ամիս ունի Ռուսաստանի հետ հացահատիկի և պարարտանյութերի արտահանման հուշագիրը կատարելու համար: Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՄԱԿ-ը դեռևս երեք ամիս ունի կոնկրետ արդյունքների հասնելու համար․․․ Միայն այդ դեպքում Մոսկվան կվերադառնա հացահատիկի գործարքի քննարկմանը», – Զախարովայի խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալությունը:
Սևծովյան նախաձեռնությունը, որն ստորագրվել էր 2022 թվականին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, դադարել է գործել հուլիսի 18-ին։ Դրա պայմանները ենթադրում էին ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում սևծովյան երեք նավահանգիստներից, ներառյալ՝ Օդեսայից: Իսկ գործարքի երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ եռամյա հուշագիրը, նախատեսում էր ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանման արգելափակման վերացում, «Ռոսսելխոզբանկի» վերամիացում SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի և պահեստամասերի մատակարարումների վերականգնում, Տոլյատի-Օդեսա ամոնիակատարի աշխատանքի վերականգնում և մի շարք այլ քայլեր։
Ըստ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի համար ոչինչ չի արվել։ Բայց, ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան պատրաստ է անմիջապես վերադառնալու գործարքի իրականացմանը, հենց կատարվեն հուշագրում նշված կետերը: