Բաժիններ՝

Երևանում աղբահանության խնդիրը սրվել է. Ավինյանը ներկայացրեց պատճառը

Երևանի որոշ վարչական շրջաններում աղբահանության խնդիրը սրվել է, առկա են աղբահանության տեխնիկայի հետ կապված խնդիրներ:

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին խոսեցին քաղաքային իշխանության ներկայացուցիչները:

«Մենք ունենք որոշակի խնդիրներ՝ աղբահանության տեխնիկայի հետ կապված: Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է խոսենք այդ խնդիրների մասին, նաև երևանցիներին որոշակի ժամանակացույց ասենք՝ թե որ տեխնիկան ինչ ժամկետում է լինելու, որովհետև կան վարչական շրջաններ, որտեղ աղբահանության հետ խնդիրներ ունենք այս պահի դրությամբ»,-ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կարևորելով, որ քաղաքացիներն իմանան պատճառը:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ ներկայացրեց 3 օր անընդմեջ իրականացրած շրջայցի արդյունքները:

«Որոշ վարչական շրջաններում ու թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կա աղբամանների գերբեռնվածություն և կուտակումներ»,-ասաց Արեյանը:

Նա վստահեցրեց՝ ամեն ինչ արել են այս 3 օրերի ընթացքում, որ թույլ չտան խնդիրը խորանա: «Այս պահին էլ դեռևս վիճակը բարվոք չէ, բայց հիմնական պատճառը տեխնիկան է»,-հավելեց Արեյանը:

Նա ասաց՝ անձամբ է եղել պարկում, այն, ինչ նկատելի է, առանձին քննարկման առարկա է: «Պատճառները տարբեր են, մտահոգությունը՝ մեկը, որ այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի մասնագիտական շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը: Դա վերաբերում է նաև ձնամաքրման տեխնիկային, աղբատարներին, փոշեկուլներին»,-նշեց նա:

Քաղաքապետի խորհրդականի հավաստմամբ տնօրենի հետ պայմանավորվել են, որ հուլիսի 17-ից կներկայացվի յուրաքանչյուր անսարք մեքենայի վերականգնման ժամկետը, որ կարողանան լիարժեք շարժակազմով սպասարկել քաղաքը: Արեյանը շեշտեց՝ ամեն ինչ պետք է անեն՝ ժամ առաջ կանխելու այս երևույթը:

Ավինյանն էլ հավելեց՝ առանձին քննարկում պետք է ունենան այդ թեմայով: Նա նշեց՝ այն տեխնիկան, որ ձեռք էր բերվել, ենթադրվում է, որ առնվազն 10 տարի պետք է ծառայեր: Եվ փչանալու ցուցանիշը շատ մեծ մտահոգությունների տեղիք է տալիս: Փոխքաղաքապետը տեղեկացրեց նաև, որ կա 4 հավելյալ մեքենա, որոնք ճանապարհին են, Հայաստան հասնելուն պես դուրս կգան փողոցներ: Ավինյանը հավելեց՝ առկա դժվարությունները վստահաբար ինչ-որ ժամանակում կլուծեն, սակայն սա ահազանգ է նրա մասին, որ այս տեխնիկայով հեռու չեն գնալու: Այս թեմայով քաղաքապետարանում քննարկում կունենան՝ մշակելու հետագա զարգացման պլան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս