ՎՍՀ ԱԳՆ-ն հանդես է եկել Հարավչինական ծովում վեճերի խաղաղ կարգավորման օգտին
Վիետնամը վերահաստատել է Հարավչինական ծովում (ՅՈՒԿՄ) վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իր քաղաքականությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՎՍՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ֆամ Թհու Հանգի հայտարարությունը:
«Վիետնամի հետևողական քաղաքականությունն այն է, որ Արևելյան (Հարավչինական) ծովում ցանկացած վեճ պետք է լուծվի խաղաղ միջոցներով ՝ միջազգային իրավունքին համապատասխան, հատկապես ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին 1982 թվականի կոնվենցիային համապատասխան ՝ բոլոր դիվանագիտական և իրավական ընթացակարգերի պահպանմամբ», – նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
2013 թվականին Ֆիլիպինների նախկին նախագահ Բենիգնո Ակինոյի վարչակազմը հայց էր ներկայացրել Հաագայի միջնորդ դատարանի մշտական պալատ՝ մեղադրելով ՉԺՀ-ին ՅՈՒԿՄ տարածքի 90 տոկոսի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ, որը խախտում է ՄԱԿ-ի 1982 թվականի Ծովային իրավունքի մասին կոնվենցիան:
Չինաստանի ղեկավարությունը մերժել է միջազգային արբիտրաժում վեճը լուծելու հնարավորությունը և չի մասնակցել դրան: 2013 թվականից սկսած ՅՈՒԿՄ-ում ինքնիշխանության նկատմամբ իր հավակնություններն ամրապնդելու նպատակով Պեկինը ձեռնամուխ է եղել արհեստական կղզիների ստեղծման, ինչպես նաև այդ տարածքների յուրացման լայնածավալ հիդրոտեխնիկական և շինարարական աշխատանքների իրականացմանը, ինչը խիստ քննադատության է արժանացել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների մեծամասնության կողմից: Այս բոլոր մեղադրանքներին Պեկինը պատասխանում է դրանք չընդունելով և հայտարարում է ՅՈՒԿՄ-ում իր տարածքային պահանջների օրինականության մասին:
Ֆիլիպինների հայցի եռամյա քննությունից հետո միջնորդ դատարանը 2016 թվականի հուլիսի 12-ին անօրինական է ճանաչել Չինաստանի պահանջները ՅՈՒԿՄ-ի 3,5 մլն քառ. կմ հատվածի նկատմամբ: