Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ-ի երկրներում ռազմամթերքի արտադրության ընդլայնման ծրագրերին
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հուլիսի 13-ին Ստրասբուրգում հերթական նստաշրջանի ընթացքում հավանություն են տվել ԵՄ-ում ռազմամթերքի և հրթիռների արտադրության ընդլայնման ծրագրերին՝ դրանց պակասի խնդիրը լուծելու համար։ Այդ մասին ասված է ԵԽ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Անցյալ շաբաթ ԵՄ Խորհրդի հետ համաձայնեցված տեքստի համաձայն՝ ռազմամթերքի արտադրության աջակցության ակտը (ASAP) նպատակ ունի արագացնելու ռազմամթերքի և հրթիռների առաքումն Ուկրաինա և օգնելու անդամ պետություններին իրենց զինանոցների համալրման գործում», – նշում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։
Ռազմամթերքի և հրթիռների արտադրության ավելացման համար ԵՄ բյուջեից կհատկացվի 500 միլիոն եվրո։
«ASAP-ի նպատակն է մեծացնել ԵՄ-ի արտադրական կարողությունները պաշտպանական արտադրանքի, մասնավորապես՝ հրետանային ռազմամթերքի, հրթիռների և դրանց բաղադրամասերի ներկայիս պակասը լուծելու համար», – ընդգծվում է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ։
Ծրագիրը նպատակ է դնում 12 ամսվա ընթացքում արտադրել 1 մլն միավոր ռազմամթերք։
Փաստաթղթի օգտին է քվեարկել Եվրախորհրդարանի 505 պատգամավոր, դեմ՝ 56, ձեռնպահ՝ 21։ ԵԽ պատգամավորների հավանությունն ստանալուց հետո փաստաթուղթը պետք է հավանության արժանանա ԵՄ խորհրդի կողմից: Ենթադրվում է, որ այն ուժի մեջ կմտնի մինչև հուլիսի վերջը: