«Արմեն Աշոտյանի կալանքն ինձ համար աբսուրդի ժանրից է, սա Փաշինյանի քաղաքական պատվերն է». Արագած Ախոյան

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խոսքով՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել  է զուտ իր քաղաքական հայացքների համար, քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ նրա կալանքը որևէ հիմք չունի։

«Արմեն Աշոտյանը տիրապետում է մարդկային ու քաղաքական բարձր որակների։ Արմեն Աշոտյանի կալանավորումը, այդ թվում՝ մեր բոլորիս վրա քրեական գործեր հարուցելու կեղտոտ ավանդույթն այսօր հասել է իր գագաթնակետին։ Արմեն Աշոտյանի կալանքն ինձ համար աբսուրդի ժանրից է, քանի որ նրան կալանավորելը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- 168.am հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը։

Ըստ մեր զրուցակցի, իր և իր ընկերների դեմ ևս իշխանությունը երեք քրեական գործ է հարուցել, որոնցից մեկը՝ ամենածանր հոդվածով՝ իշխանության զավթման փորձ, որը նախատեսում է 15 տարի ազատազրկում։

«Նույնիսկ ամենագիշատիչ կենդանու մտքով նման բան չի անցնի, որ մարդու վրա նման ծանր հոդված դնի, Արմեն Աշոտյանին կալանավորելուց հետո, հիմա հավատում եմ, որ ցանկացածին էլ կարող են բռնել ու հենց այնպես կալանավորել։

Կարդացեք նաև

Արմեն Աշոտյանին կալանավորել են, որպեսզի լռեցնեն, բայց նա իմ ընկերն է,  ես նրան էլ, մեզ էլ լավ գիտեմ, որևէ մեկս երբևէ չենք լռելու ու հետ չենք կանգնելու։ Աշոտյանն անդավաճան կուսակցական է, որին «дешёвый» (էժանագին) մեթոդներով հնարավոր չէ լռեցնել»,- հավելեց Արագած Ախոյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ, ցավոք, այսօր իրականությունն այն է, որ իշխանությունը փորձում է հայրենիքի համար սրտացավ մարդկանց մեկուսացնել, լռեցնել, սակայն չի ստացվելու։

«Սպասում եմ, որ գոնե դատարանը կարդարացնի Աշոտյանին, որովհետև կալանավորելը պարզապես աչք վախեցնելու ձև է, որով ուզում են ասել, թե տես՝ 2 ամսով բանտում եղար, դա կարող են երկարացնել, եթե չլռես։ Իհարկե, Աշոտյանը չի լռելու, որովհետև նա որևէ բան չի արել, որ տարել են կալանքի։ Ո՞վ չի հասկանում, որ սա էժանագին քայլ է և Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը։ Թեպետ նաև չեմ բացառում, որ այնպիսի դատավորի տան գործը, որն ուղղակի առանց հիմքի դնի ու երկարացնի կալանքը»,- եզրափակեց Արագած Ախոյանը։

Տեսանյութեր

Լրահոս