«Մենք մեր գործն ենք անում. Թագուհի Թովմասյանը թերացել ու չի պաշտպանել կարտոշկա ծախողի իրավունքները». Հովիկ Աղազարյան
Այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրենց իսկ ներկայացրած նախագծին։
Փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 64 պատգամավոր, 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր, կողմ էր քվեարկել՝ 62, դեմ՝ 1 պատգամավոր:
Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Լրագրողների հետ զրույցում Հ. Աղազարյանն ասաց, որ իրենք հիմնավորել են, թե ինչու են դադարեցնում Թագուհի Թովմասյանի լիազորությունները, քանի որ նա նիստերի մեծ մասին չի մասնակցել։
«Հանձնաժողովի նախագահն ունի շատ լուրջ լիազորություններ, և դրա համար ինքը նաև մեր հարկատուներից ստանում է էական հավելյալ աշխատավարձ, քան շարքային պատգամավորները։ Իհարկե, մենք էլ՝ ծառայողական մեքենաներ ու այլ հնարավորություններ, բայց պետք է օգտագործվի, որպեսզի արդարացվի այն հանգամանքը, որը նախատեսված է օրենքով»,- նշեց Հովիկ Աղազարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Թագուհի Թովմասյանի փոխարեն՝ ՔՊ-ական խմբակցությունը չի կարող ընդդիմադիրների շարքից թեկնածու ներկայացնել, քանի որ դա քվոտայով պատկանում է ընդդիմությանը։
Հարցին՝ ժողովրդավարության տեսանկյունից որևէ խնդիր չե՞ն տեսնում իրենց կատարած քայլի մեջ, Հովիկ Աղազարյանը բացասական պատասխան տվեց՝ պատճառաբանելով՝ եթե իրենց բերած հիմնավորումները լինեին անհիմն, ապա այդտեղ խնդիր կլիներ, բայց եթե արձանագրված հիմնավորումները կան, ապա այդտեղ խնդիր չի տեսնում։
«Ես այստեղ վրեժխնդրություն չեմ տեսնում, քանի որ վրեժխնդրությունն անձնական դաշտում է, այստեղ նման բան չկա։ Մենք մեր գործն ենք անում, որպես հանձնաժողովի նախագահի՝ ես գոհ չեմ Թագուհի Թովմասյանի աշխատանքից, որպես լրագրողի՝ գոհ եմ»,- հավելեց Հովիկ Աղազարյանը։
Լրագրողի հարցին՝ բա ինչպե՞ս է ստացվում, որ ինքը քաղաքացու կարտոֆիլը փողոցով մեկ ցրիվ է տալիս, ու իրեն որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց.
«Թագուհի Թովմասյանն այստեղ էլ է թերացել ու չի պաշտպանել կարտոշկա ծախողի իրավունքները, գնացեք այդ փողոց, տեսեք՝ ինչ է կատարվում»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը։