«Ադրբեջանը ցանկացած պարագայում հիմք է փնտրելու միջանցքը հնարավորինս փակ պահելու համար». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանում բռնապետական ռեժիմ կառուցելու և կայացնելու ճանապարհին ապօրինությունները սովորական են դարձել։
«Ապօրինությունների դրսևորումները բավականին լայն են, այս մի դրսևորումն արտահայտվել է խորհրդարանում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ՔՊ-ի ներկայացրած նախագծին, որն ընդունվեց պատգամավորների փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ 62 կողմ, 1 դեմ համամասնությամբ։
Ըստ Տիգրան Աբրահամյանի, Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՔՊ-ի նախագիծը հիմնազուրկ է, չկա որևէ փաստարկ, որով իշխանությունը կարող է այդ գործընթացը պաշտպանել։ Քաղաքական տեսանկյունից այս քայլի շարժառիթներն ակնհայտ են։
«Նաև սրանով էր պայմանավորված, որ փորձեցին առանց հարցուպատասխանի, առանց քննարկումների՝ գործընթացն արագ «սղացնել»։ Եթե գործընթացին նայում ենք վերջին հինգ տարվա կտրվածքով, ապա հասարակության համար իշխանության կողմից ապօրինություններն ու անօրինական գործընթացները, հակասահմանադրական գործողությունները կարծես թե սովորական են դարձել։
ԱԺ կանոնակարգ օրենքը հստակ սահմանում է, թե ինչ համամասնությամբ են հանձնաժողովի նախագահները և տեղակալները բաշխվում, այնտեղ կա նաև Դոնթի բանաձևը, և այնպես չէ, որ մենք ենք որոշում, դա լինի ՔՊ-ակա՞ն, թե՞ չէ։ Այլ բան է, որ մենք մեր այսօրվա տարածած հայտարարության մեջ արձանագրել ենք, որ, բնականաբար, որևէ այլ թեկնածու չենք առաջադրելու»,- շեշտեց նա։
Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ իշխանությունը Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնում է՝ առաջին հերթին ելնելով վրեժխնդրությունից։ Հատկապես, որ Թագուհի Թովմասյանը մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր գործունեությամբ բավականին ակտիվ է եղել, արդյունավետ ու թիրախային է աշխատել։
«Թագուհի Թովմասյանը բավականին ակտիվ աշխատանք է տանում նաև Արցախի հարցով, հատկապես՝ շրջափակման շրջանակներում, ինչը բավականին խնդրահարույց է իշխանության քաղաքական կուրսի տեսանկյունից»,- շեշտեց պատգամավորը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ, իհարկե, հարցը կարևոր է, սակայն պետք չէ այդ հարցի վրա մեծ ուշադրություն դարձնել, քանի որ դա չէ ՀՀ քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրը, հատկապես այն դեպքում, երբ իշխանության առաջ բերած օրակարգային հարցերն ընդհանրապես երկրում տիրող իրավիճակին համահունչ չեն։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի մեքենաների մուտքը դեպի Արցախ արգելելուն, Տիգրան Աբրահամյանը նկատեց.
«Ադրբեջանը ցանկացած պարագայում հիմք է փնտրելու միջանցքը հնարավորինս փակ պահելու համար։ Նաև տեսանելի է, որ ադրբեջանական այդ հետևողականությունը, բլոկադան հնարավորինս ամուր պահելու և արցախցիների անվտանգային, մարդու իրավունքների և մնացած բոլոր ասպեկտներով դժվարություններ հարուցելու առումով անընդհատ շարունակվելու են։ Եվ սա այդ դրվագներից մեկն է, որն արտահայտվել է։ Մյուս կողմից՝ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ադրբեջանական այդ գործողությունները, որոնք ըստ էության նպատակ ունեն մեծացնելու Արցախի շրջափակումը և հնարավորինս մեծ վնաս հասցնելու արցախցիներին, արտահայտվում են ամենատարբեր մակարդակներում՝ սկսած բուն առաջնագծից, վերջացրած դիվանագիտականով։