Բողոքի ակցիա՝ ԲԴԽ վարչական շենքի մոտ. պահանջում են Կարեն Անդրեասյանի հրաժարականը. ՈՒՂԻՂ
Օրեր առաջ փաստաբան Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «իրավապահ մարմիններում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ կապված ՀՀ ոստիկանության կողմից մեր գործընկերների դեմ ուժ կիրառելու, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած հայտնի դեպքերով՝ փաստաբաններիս իրավունքներն ակնհայտ խախտելու, իսկ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանին՝ իր նախընտրած փաստաբանների միջոցով պաշտպանվելու իրավունքը խախտելու մասով, ակնհայտորեն վկայում են նրա մասին, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի հարգում փաստաբանի և նույնիսկ դատավորի և դատավորների իրավունքները, իսկ այդ պայմաններում ուրիշ մարմիններից որևէ բան ակնկալելն անհեռանկար է»:
«Այս ամենը, ինչպես նաև համացանցում Դավիթ Հարությունյանի գործով տարածված ձայնագրությունը՝ փաստաբանների իրավունքների կոպիտ խախտման մասին վկայում են առ այն, որ Բարձրագույն դատական խորհուրդը, ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի, ռեալ սպառնալիք է մեր պետության իրավական անվտանգությանը և դատական իշխանությանը, ով ամեն ինչի պատրաստ է՝ իր քմահաճույքները բավարարելու համար։ Ցավոք, այդ ամենը շուտով խիստ բացասական ազդեցություն և հետևանք է առաջացնելու մեր պետության հեղինակության և մեր բոլորիս համար։
Նշված հանգամանքով պայմանավորված, երեքշաբթի օրը, 11․07․2023 թվականին, ժամը 12։30-ին բոլորիդ հրավիրում եմ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի դիմաց՝ բողոքի ակցիայի, պահանջելու Կարեն Անդրեասյանի հրաժարականը»,- գրել է Հարություն Հարությունյանը:
Հորդառատ անձրևի տակ մեկնարկած ակցիայի ժամանակ ակցիայի նախաձեռնողը՝ Հարություն Հարությունյանն ասաց՝ Կարեն Անդրեասյանը ռեալ սպառնալիք է դատական իշխանության համար:
«Կարեն Անդրեասյան, դու 10 օր ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու համար, այլապես այս ակցիաները շարունակական կլինեն»,- ասաց նա:
Քիչ անց լրագրողների հետ զրույցում Հարություն Հարությունյանը վստահություն հայտնեց, որ Կարեն Անդրեասյանը թեև ոչ իր կամքով, բայց ստիպված կլինի հրաժարականի դիմում ներկայացնել:
«Հույս ունեմ՝ հուլիսի 19-ին Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ դատավորները կկարողանան դժգոհություն գեներացնել, հակառակ դեպքում հատ-հատ ապօրինի կերպով հեռացնելու են համակարգից»,- ասաց Հարություն Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութերում: