Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարելի կապել Թուրքիայի եվրաինտեգրման հետ. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի դիմումի հաստատման հարցը չպետք է կապել Թուրքիայի եվրաինտեգրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Բեռլինում Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Շոլցը նշել է, որ «դրական ազդանշան» է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունները, թե մոտ ապագայում կարող է որոշում կայացվել Շվեդիայի դիմումի հաստատման վերաբերյալ։
«Մեկ այլ հարց (խմբ․՝ Թուրքիայի եվրաինտեգրման հարցը) սրա հետ չի առնչվում, և, ըստ իս, դա չպետք է ընկալվի որպես փոխկապակցված թեմա», – Գերմանիայի կանցլերի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Օլաֆ Շոլցը հիշեցրել է, որ ավելի վաղ ԵՄ երկրների ղեկավարները Եվրահանձնաժողովին խնդրել են զեկույց կազմել Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունների վիճակի և դրանք բարելավելու քայլերի վերաբերյալ։
Հուլիսի 10-ին Էրդողանը նոր պայման էր առաջադրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հաստատելու համար՝ եվրոպական երկրներին կոչ անելով «բացել ճանապարհը» Թուրքիայի՝ Եվրոպական Միությանն անդամակցության համար։