Սպորտում հիմնականում արդյունքի են հասնում միջին խավի երեխաները. Գինեսի ռեկորդակիր
Հայրենիքին անհրաժեշտ են առողջ երեխաներ, և նրանց պետք է զերծ պահել վատ սովորություններից. նման նպատակ ունի Գինեսի 6-ակի ռեկորդակիր, մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանը, ում հետ էլ զրուցել ենք սպորտի, ծնողների ու մարզիչների դերի մասին։
– Հաջողվո՞ւմ է երեխաներին զերծ պահել վատ սովորություններից և նրանց բերել մարզաշխարհ։
– Սպորտի առաքելությունն առողջ սերունդ ձևավորելու գործընթացն է, իսկ մարզիչը պետք է երեխաներին կարողանա ընդգրկել մարզումներում, բարելավել նրանց առողջությունը, հետո նոր կատարել մարզաձևի ընտրություն։
– Հատկապես մայրաքաղաքում ծնողները երեխաներին տանում են սպորտի։ Ձեր դեպքում ինչպե՞ս է եղել․ նկատել են, որ սեր ունեք դեպի սպո՞րտը, թե՞ ուղղակի տարել են՝ ասելով՝ թող ուժեղ տղա դառնա։
– Առաջին դասարանում էի սովորում, մարզիչներ եկան դպրոցում թռուցիկներ բաժանելու, ու հենց դասարանում 1-2 երեխա իր ֆիզիկական ընդունակությունները ստուգեց։ Երկու թռուցիկ էին տվել՝ մեկը, կարծեմ, կարատե, մյուսը՝ մարմնամարզություն։ Ուզում էի գնալ կարատեի, բայց հայրս ասաց, որ ավելի լավ է՝ տանենք մարմնամարզության։ Իմ ընտրությունը չէր, բայց շնորհակալ եմ մարզչին և ծնողներիս, որ այդ ուղղությունն ընտրեցինք։
– Ծնողները նախընտրում են երեխաներին մի քանի մարզաձևերի տանել, բայց հաճախ նրանք դժգոհությամբ են գնում։ «Զոռով» տանելու դեպքում սեր կարթնանա՞ երեխայի մոտ, թե՞ ամեն դեպքում պետք է հետաքրքրություն առաջացնել։
– Երեխային ամենալավը ճանաչում է ծնողը և նրա չափ էլ՝ մարզիչը։ Տանն ավելի հրապուրիչ միջոցներ կան՝ համակարգիչ, հեռախոս, չեն ուզում կտրվել այդ հաճույքից և չարչարվել։ Եթե դա է խնդիրը՝ երեխայի հետ պետք է խոսել, համոզել։ 3-4 տարի սովորելուց հետո ես էլ չէի ուզում գնալ, բայց հայրս այլ միջոցներ գտավ։ Նույնն իմ տղայի դեպքում է։ Լինում է, որ ասում է՝ հոգնել եմ, չեմ ուզում… թողնում եմ, որ հասկանա, թե ինչու չի ուզում այդ վարժությունն անել։ Թողնում եմ, հասկանում է։
– Մի քանի մարզաձևերով միանգամից պարապել կարելի՞ է։ Ասում են՝ երեխան թող գնա լողի, բոքսի։
– Երեխան ունի իքս էներգետիկ պաշար։ Եթե դա օգտագործում ես մեկ գործողություն կատարելու համար, իհարկե, փայլուն է գնում։ Բայց լինում է, որ էներգիան երեք մասի է բաժանված ու արդյունավետությունը քիչ է լինում։ Երեխաներ կան, որ հոգնած գալիս են, հարցնում եմ՝ ի՞նչ ես պարապել, պատասխանում են՝ լող, շախմատ, ու էլի բաներ է թվարկում։ Զարմանում եմ, թե ոնց են հասցնում։ Երբ հետաքրքրվում եմ՝ տեսնում եմ, որ բոլոր տեղերում միջակ են։ Պետք է ծնողը գա երեխայի հետ մարզադպրոց, պտտվի, տեսնի՝ ի՞նչն է հավանում, խորհրդակցեն մարզչի հետ։
Օրինակ, երբ դու պարապում ես լող և մարմնամարզություն, դրանք մկանները զարգացնում են տարբեր պարամետրերով, մեկը մյուսին խանգարում է։ Ամեն սպորտ ունի իր պրոֆեսիոնալ մոտեցումը, դա էլ կախված է մարզչից։ Սպորտը չարչարանքներով լի է ու հիմնականում, կարելի է ասել, արդյունքի են հասնում միջին խավի երեխաները։ Նրանք, ովքեր սիրում են չարչաչվել, չարչարանքի մեջ արդյունք տեսնել, ուրախանալ դրանով։
– Ծնողները հաճախ են հետաքրքրվում, թե ո՞ր տարիքից պետք է երեխային տանել սպորտի։ Կա՞ հստակ տարիք։
– Նորմատիվներով, իհարկե, կա։ Մարմնամարզությունն այլ տարիք է, բռնցքամարտը, բասկետբոլը՝ այլ։ Մարմնամարզության դեպքում ընդունված է, որ երեխային անհատական մոտեցում ցույց տաս, ուղղես ոտքը, ծունկը, մեջքը, օգնես բարդ շարժումների ժամանակ։
Կարող են 5 տարեկանից էլ գալ, սակայն կան երեխաներ, որ 8 տարեկան են, սակայն չեն կարող գալ։ Երբ ընդունում ես երեխային, նրա աչքերից, պահելաձևից՝ աշխույժ, ճկուն, հասկանում ես՝ կարո՞ղ է հետագայում սպորտում բարձր արդյունքներ ցույց տալ, թե՞ ոչ։
Սակայն համայնքային դպրոցը պետք է բոլորին հնարավորություն տա։ Քանի որ «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ն անվճար է, խմբերը սահմանափակ են, բայց շատ են գալիս, ու ոչ մեկի չենք մերժում։ Բոլորը մարզիկներ չեն դառնալու։ Մեկը կլինի բժիշկ, մյուսը՝ գիտնական, սակայն ամեն դեպքում լինելու են առողջ մասնագետներ։ Մեր առաջին նպատակը դա է։
– Հայաստանում Ցատկացանցի ֆեդերացիան եք հիմնել։ Կարելի է ասել՝ այդ մարզաձևի հիմնադիրն եք։ Կա՞ այլ մարզաձև, որ կուզեիք ՀՀ-ում ևս զարգանար։
– 2011թ․ որոշեցի հիմնել։ Ես չեմ սիրում ասել՝ իմը։ Դա մեր բոլորինն է։ Մարմնամարզական ընտանիքի մարզաձև է։ Շատ եմ սիրում իմ սպորտն ու ուզել եմ իմ երկրի համար ինչ-որ կարևոր բան անել։
Անձնական ֆինանսով և ընկերների օգնությամբ բացեցի այդ մարզաձևը։ Շատ դժվարությունների միջով անցա։ Անգամ, երբ գնացի Ռուսաստան՝ նայելու նրանց մարզումները, մի փոքր աղջիկ բարդ հնարք արեց, ասացի՝ ես այստեղ անելու բան չունեմ, գնամ ուրիշ բանով զբաղվեմ։ Հետ եկա, իմ մեջ ուժ գտա ու ամեն օր այդ աղբյուրներն էի ուսումնասիրում, իրենց հետ կապի մեջ էի։ Որոշ ժամանակ անց մասնակցեցինք Աշխարհի, Եվրոպայի առաջնությանը։
Նվաճեցինք նաև ոսկե մեդալներ։ Բայց ունենք դժվարություններ, մարզաձևն ինքնաֆինանսավորմամբ է զարգանում։ Մարզումների հաճախում ենք ծնողների կամ հովանավորների գումարով։ Ինչ վերաբերում է Հայաստանում այլ մարզաձև զարգացնելուն, միշտ սիրել եմ ջրացատկը և ձմեռային մարզաձևերից ֆրիսթայլը, սակայն չունենք պայմաններ։
Մանրամասները՝ տեսանյութում