«Վարչապետը հերքում տվել է, որ չի եղել». Փաշինյանի խոսնակը՝ Լևոն Զուրաբյանի հայտարարության մասին

Հունիսի 29-ին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մեկ հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին, որը համառորեն նրան չի տրվում, որի համար Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա:

«Հարցը հետևյալն է. 2019թ․ քո սեղանին դրվել է ԼՂ հակամարտության կարգավորման պլան Մինսկի խմբի 3 համանախագահների անունից, որի էությունը հետևյալն է՝ հետ ես տալիս 5 շրջան, պահում ես Լեռնային Ղարաբաղը, Քելբաջարն ու Լաչինը պահում ես քո վերահսկողության ներքո, Քելբաջարն ու Լաչինի միջանցքային մասը տալիս ես միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն ընդունում է, համաձայնում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, ինչը նշանակում է՝ երբեք էլ հետ չես տալիս, որովհետև Ադրբեջանը չէր կարող գնալ այնպիսի զիջումների… կամ, եթե ավելի կարևոր էր Քելբաջարը հետ ստանալը, հետո արդեն պիտի գնար անկախության ճանաչմանը:

Այդպիսով, քեզ բերել են փայլուն լուծում, էդ լուծումը, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում չի անում, որևէ բան չի տալիս, բայց տալիս է կարևորագույն գործիք՝ ազդելու Ադրբեջանի վրա, որ դու կարողանաս այդ կարգավիճակը մի օր ստանաս: Դա նշանակում է, որ ամբողջ Ղարաբաղը, Քելբաջարը պիտի շրջապատվեին խաղաղապահ զորքերով, ոչ թե հիմիկվա նման: Բայց դու փոխարենը անում ես 2 քայլ՝ քայլ առաջին. դու խաբում ես ամբողջ ժողովրդին, ասում ես, որ ոչ մի փաստաթուղթ սեղանի վրա չկա: Ինչո՞ւ»։

168.am Լևոն Զուրաբյանի բարձրացրած հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ հետաքրքրվելով, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, և ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդ լուծմանը չի գնացել։

Կարդացեք նաև

Ի պատասխան մեր հարցման՝ Նազելի Բաղդասարյանը կարճ պատասխանեց.

«Դրա վերաբերյալ վարչապետը հերքում տվել է, որ չի եղել։ Սրանից ավելի՝ այլ բան չկա պատասխանելու»։

Տեսանյութեր

Լրահոս