Առաջին հերթին պետք է պետական մարմինները կարդան Սահմանադրությունը. Արա Ղազարյան
Միջազգային իրավունքի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանը Սահմանադրության օրվա խորհրդի մասին իր դիտարկումներում առանձնացրեց երկու ամենախնդրահարույց ոլորտները, որ իրեն մտահոգում են այսօր՝ անվտանգության և դատական համակարգերը:
168.am-ի հետ զրույցում Դատական համակարգում տեղի ունեցող գործընթացների մասին իրավաբանը մանրամասնեց. «ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները, միանշանակ, Սահմանադրությամբ սահմանված երաշխիքների բազմաթիվ խախտումներով են ընթանում»:
Անդրադառնալով Փաշինյանի տոնական ուղերձում տեղ գտած վստահեցումներին, թե դատաիրավական համակարգի բարեփոխումները շարունակվում են, Արա Ղազարյանը նկատեց՝ 1998 թվականից այդ բարեփոխումներն ընթանում են:
«Բարեփոխումները միշտ էլ լինում են, որովհետև օրենքները, իրավական կառուցակարգերը շարունակ զարգանում են, քանի որ զարգանում են նաև հասարակական հարաբերությունները:
Բայց դրան զուգահեռ՝ կամայականության հսկայական ոլորտ ունենք, որ այսօր դատավորների նկատմամբ հետապնդումներն են. այսինքն՝ կարգապահական վարույթներն իրականացվում են քողարկված պատժի, համակարգից դատավորներին հեռացնելու նպատակով:
Երկու ուղղություններ կան՝ դրական տեղաշարժեր, բայց դա շարունակական պրոցես է, և դա կա 1998 թվականից՝ հիմնականում Եխ-ին անդամակցելով, բայցև ունենք ներկա և նախկին իշխանություններ, որոնք իրենց քաղաքական ծրագրերի պատճառով շեղվում են այդ բարեփոխումներից»,- մանրամասնեց նա:
Սահմանադրությունն ընթերցելու Փաշինյանի հորդորի մասին էլ իրավաբանն արձագանքեց, որ Սահմանադրությունն իրականում առաջին հերթին պետական մարմինների համար է:
«Օրինակ, երբ այնտեղ գրվում է՝ «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք….», և այլն, դա ուղերձ է՝ ուղղված պետական մարմիններին, ուստի առաջին հերթին պետք է պետական մարմինները կարդան Սահմանադրությունը, որովհետև նրանց վրա է դրված պարտականությունը՝ ապահովելու այն իրավունքները, երաշխիքները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ:
Իհարկե, քաղաքացիները պետք է իրենց իրավունքներն իմանան և գործեն օրենքի գերակայության հիման վրա, բայց Սահմանադրության ուղերձն ուղղված է ոչ թե քաղաքացիներին, այլ պետական, հանրային մարմիններին»,- պարզաբանեց Արա Ղազարյանը: