«Հայաստանը միացել է ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի դեմ կոալիցիային և պատժամիջոցներին». Բենիամին Մաթևոսյան
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ը սատարում է ՀՀ իշխանություններին ոչ թե նրա համար, որ վերջիններս ժողովրդավար են, այլ պարզապես ԱՄՆ-ը տեսնում է հնարավորություն՝ նրանց միջոցով լուծել իր աշխարհաքաղաքական խնդիրները:
«Հայաստանի իշխանությունները գործընկեր են ԱՄՆ-ի համար, և իրենց գլոբալ նպատակը նույնն է՝ ՌԴ-ի և Իրանի դեմ գործողություններ իրականացնել: Փաշինյանը վաղուց հակառուսական, հակաիրանական կոալիցիայի անդամ է, և դեսպանի կարծիքները տրամաբանական են: Երկար տարիներ նաև ամերիկյան աղյուսակներում Արցախը ոչ պակաս ժողովրդավար էր, բայց մենք հիմա տեսնում ենք, որ իրեն ժողովրդավարության ռահվիրա համարող պետությունը կարծում է, որ արցախահայությունը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Այն Ադրբեջանի, որն իրենց իսկ վարկանիշային աղյուսակների համաձայն՝ տոտալիտար պետություն է: Այստեղ ակնհայտ անհամատեղելիություն կա՝ հայտարարությունների և գործողությունների»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ հակաիրանական, հակառուսական կոալիցիայի մաս կազմելու համար Հայաստանի իշխանություններին որպես բոնուս՝ Արևմուտքից խոստացել են քաղաքական, տնտեսական լոյալություն, աջակցություն. «Ադրբեջանը որպես բոնուս՝ ստանում է Արցախը, բայց ես վստահ եմ, որ այս գործողությունները, երբ տրամաբանական հաջորդ փուլին անցնեն, այն է, որ Հայաստանի տարածքների հաշվին Ադրբեջանը և Թուրքիան ընդհանուր ցամաքային սահման ունենան, շատերն այդ ժամանակ կհասկանան, որ ավելի գլոբալ՝ որպես բոնուս Իրանի դեմ պատերազմ սկսելու դիմաց՝ Ադրբեջանին խոստացել են Հայաստանից տարածքներ, եթե ոչ՝ ամբողջությամբ Հայաստանը»:
Հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ դեսպանը նշել է, որ իրենք գնահատում են այն հանգամանքը, որ Հայաստանը պահպանում է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները, սակայն, դրանից անդին, Հայաստանն ինքը պետք է որոշի՝ ինչպիսի հարաբերություններ ունենալ Իրանի հետ:
Բենիամին Մաթևոսյանից հետաքրքրվեցինք՝ այսինքն՝ Հայաստանը միացել է Իրանի դեմ պատժամիջոցների՞ն:
«Իսկ դուք չգիտեի՞ք: Հայաստանը վաղուց միացել է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Ցանկացած բանկի հետ եթե փորձեք որոշակի փոխհարաբերությունների մեջ մտնել, իրենցից ճշտել՝ ինչ է կատարվում: Անգամ շարքային քաղաքացիները դրամական փոխանցումներ իրականացնելիս՝ խնդիրներ ունեն: Պաշտոնապես այդ մասին չեն հայտարարում, բայց իրականում Հայաստանում ԱՄՆ դեսպանին պետք է շնորհակալություն հայտնենք՝ այն առումով, որ բաց տեքստով ասաց այն ամենը, ինչն իշխանությունները թաքցնում են: Մեր նատուրալիստական քաղաքական դաշտը, հուսով եմ, ճիշտ կհասկանա դեսպանի ասածը»,- ի պատասխան՝ ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում