Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո Բաքվում բնակիչները շտապել են լքել իրենց տները
Կասպից ծովում տեղի ունեցած 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Բաքվում մարդիկ շտապել են լքել իրենց տները, հաղորդում է gazeta.ru-ն՝ ադրբեջանական լրատվամիջոցներին հղումով։
Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները բավական ուժգին զգացվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և մի շարք այլ շրջաններում։
Երկրաշարժի հասցրած վնասների ու տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել, ցունամիի վտանգ չկա։ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվական ծառայության ղեկավար Վուսալա Ռաֆիգգիզիի խոսքով՝ երկրում ուժեղ երկրաշարժի սպառնալիք չկա։
Նշվում է, որ Բաքվում ու Ապշերոնյան թերակղզում գրանցվել են 5,0 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ։ Դրանց հաջորդել են թույլ հետցնցումները, որոնք չեն զգացվել։
Ադրբեջանի առողջապահության նախարարությանը կից տարածքային բժշկական ստորաբաժանումների ասոցիացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկրաշարժից հետո Բաքվի և երկրի մի շարք այլ շրջանների շտապօգնության կայաններն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի։ Ըստ մամուլի ծառայության՝ միայն Ադրբեջանի մայրաքաղաքում ներգրավվել է 125 լրացուցիչ բրիգադ, որոնք հերթապահում են մարդաշատ վայրերում և պատրաստ են շտապ բուժօգնություն ցուցաբերել քաղաքացիներին։