«Ադրբեջանն ինքն է ճանաչել Արցախը և Նախիջևանը անկախ կարգավիճակ ունեցող տարածքներ. Փաշինյանի հայտարարություններն իրավական հիմք չունեն». Հովիկ Ավանեսով

Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարություններն իրավական որևէ հիմք չունեն՝ նման հայտարարություններն առոչինչ են, քանի որ խախտում են ՀՀ անկախության հռչակագրի դրույթները։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանեսովն ասաց, որ նախ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ներառելը նշանակում է տարածաշրջանային փխրուն խաղաղությունն առավել կվտանգվի, կորցնել Արցախը՝ նշանակում է վերջ դնել հայկական պետականությանը։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք՝ շեշտելով՝ սա միայն Արցախի հարցը չէ, Արցախի չլինելու պարագայում՝ չի լինելու նաև Հայաստանը։

«Նախ, Ադրբեջանն ինքն է ճանաչել Արցախի Հանրապետությունը և Նախիջևանը անկախ կարգավիճակ ունեցող տարածքներ։ Ադրբեջանի անկախության հռչակագրով և անկախության կազմավորման սահմանադրական ակտով հստակորեն արձանագրվում է, որ Ադրբեջանն իր անկախությունը հռչակում է 1918-1920 թվականի սահմաններով, իսկ այդ ժամանակ Արցախը ո՛չ իրավական, ո՛չ էլ այլ կարգավիճակով Ադրբեջանի հետ առնչություն չի ունեցել։

Փաշինյանի այդ հայտարարությունը խախտում է ՀՀ անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հստակորեն արձանագրված է, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը։ Արցախը ո՛չ պատմականորեն, և ո՛չ էլ  իրավաբանորեն Ադրբեջանի մաս չի եղել և որևէ առնչություն չի ունեցել և չի էլ կարող ունենալ, որովհետև ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ հավասարազոր է նոր ցեղասպանության, սրա մասին պետք է մշտապես խոսել։ Որևէ ղեկավար իրավասու չէ Արցախն այս կամ այն կարգավիճակով ճանաչել Ադրբեջանի մաս։ Փաշինյանի այս հայտարարություններն իրավական հիմք չունեն, քանի որ, կրկնում եմ՝ դա հակասում է՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի սահմանադրությանն ու անկախության հռչակագրին»,- նշեց Հովիկ Ավանեսովը։

Կարդացեք նաև

Այս համատեքստում նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությանն իրավական տեսք տալու համար չի կարող փոխել ՀՀ անկախության հռչակագիրը, քանի որ հռչակագրում ցանկացած փոփոխություն՝ նշանակում է կասկածի տակ դնել անկախության լեգիտիմությունը։ Բացի այդ, ՀՀ անկախության հռչակագիրը հանրաքվեով հաստատված փաստաթուղթ է, հետևաբար՝ որևէ մեկն իրավասու չէ այդ փաստաթղթում անգամ մեկ ստորակետ փոխել։ Եթե Սահմանադրությունում հնարավոր է փոփոխություններ անել, նաև հանաքավեով հաստատել, ապա Անկախության հռչակագրում բացառվում է։ Նույնն էլ վերաբերում է Արցախի անկախության հռչակագրին։

«Սա վերաբերում է նաև Ադրբեջանին, որի անկախության հռչակագրով ու անկախության վերաբերյալ սահմանադրական ակտով ասվում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդից։ Սրանք իրավական փաստաթղթեր են, և Ալիևը չի կարող վերցնել ու փոխել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա մատնանշեց մեկ կարևոր հանգամանք ևս. 1994-1995 թվականների Արցախի անկախ կարգավիճակի հարցը նաև ամրագրված է Արցախի պատերազմի զինադադարով, այդ զինդադարը եռակողմ է՝ կա Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ստորագրություն։

«Երբ որևէ երկրի հետ ստորագրում ես ցանկացած տեսակի փաստաթուղթ, ուրեմն՝ դու ճանաչում ես, որ այդ երկիրն իրավական կարգավիճակ ունի, ինչ դու, այսինքն՝ նույն իրավական հարթության մեջ է։ Եթե Ադրբեջանը ստորագրել է, ուրեմն ճանաչել է, որ Արցախն անկախ պետություն է։ Սա հենց այն փաստաթուղթն էր, որը մինչև 2020 թվականը Մինսկի խմբի համանախագահները և այլ պետություններ ու կազմակերպություններ հորդորում էին հետևել այնտեղ ամրագրված կետերին։ Այն ավելի շատ իրավական հիմք ունի, քան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Այս համատեքստում շահարկել Ալմա Աթայի հռչակագիրը և տարածքային ամբողջականությունը ճանաչել դրան համապատասխան՝ տեղին չէ, քանի որ, երբ այն ստորագրվել է՝ Արցախը հռչակել էր իր անկախությունն ու հանրաքվեով հաստատել էր։ Երբ Հայաստանը գնացել է այդ փաստաթղթի ստորագրմանը, առաջ է քաշել 10 նախապայման, որից առաջին այն է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է՝ բացառությամբ Արցախի Հանրապետության։ Եվ այստեղ, երբ ասում են, որ սահմանազատում ու սահմանագծում պետք է արվի՝ հիմք ընդունելով Խորհրդային Միության իրավական փաստաթղթերը, իրավական տեսանկյունից դրանք անհիմն են, որովհետև խորհրդային որևէ պետություն միջազգային իրավունքի սուբյեկտ չի եղել։

Պետք է առաջնորդվենք հայկական օրակարգով, առաջ տանենք, որ կա անկախ Արցախի Հանրապետություն, և ունենք օկուպացված բնակավայրեր, դրանք պետք է հետ վերադարձնեն, եթե ուզում են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի։ Եթե օկուպացված տարածքները չվերադարձնեն, ապա պատերազմի հավանականությունը, ցավոք, բավականին մեծ է, և այն վեր է ածվելու տարածաշրջանային պատերազմի։ Սրանք կարևոր սկզբունքներ են, որոնց մասին մշտապես պետք է խոսել»,- եզափակեց Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս