Կռացած ուղևորափոխադրումը կվերանա, մի շարք երթուղիներ կմիավորվեն. որո՞նք են դրանք

Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակներում մշակված փուլային գործողությունների ծրագրի առաջին մասով Երևան համայնքի կողմից նոր ներկրված ավտոբուսները կներառվեն տրանսպորտային գործող ցանցում և հնարավորություն կտան ամբողջությամբ շահագործումից հանելու և ազատվելու միկրոավտոբուսներից՝ մասնավորապես «Գազել»-ներից: Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:

«Կատարված հաշվարկներով՝ առկա ավտոբուսային պարկը բավարարում է այդ խնդիրը լուծելու համար: Առաջին փուլի փոփոխությունները վերաբերում են շարժակազմի տեղատարողության ավելացմանը, ինչի շնորհիվ կբարձրանա ուղևորափոխադրումների հարմարավետությունը, առավելագույնս արդյունավետ կշահագործվեն նոր ավտոբուսները, վերջապես կվերանա կռացած ուղևորափոխադրումը: Առաջին փուլի մեկնարկը կտրվի հունիսի 1-ին և ամբողջությամբ կավարտվի մինչև օգոստոսի 30-ը: Այսինքն, սեպտեմբերի 1-ին այլևս հին միկրոավտոբուսների շահագործումը վերջնականապես կդադարեցվի»,- հայտնեց Վազգեն Հարությունյանը՝ ընգծելով, որ նախկին երթուղիների ուղեգծերն ամբողջությամբ պահպանված են, բացառապես ավելացվել է Արամ Խաչատրյան փողոցից դեպի Մամիկոնյանց նոր ճանապարհի սպասարկումը: Բոլոր երթուղիների համար հաճախականությունը միջինում կկազմի 13 րոպե: Կսպասարկվեն «Ժոնգտոնգ» տիպի ավտոբուսներով:

Ըստ այդմ, հունիսի 1-ից  3 և 12 համարները  կմիավորվեն և կգործեն համար 32 ավտոբուսային երթուղու տակ:

13 համարի միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի   34 համարի ավտոբուսով, 57 համարը՝ 51 համարի ավտոբուսով,
63 և 34 համարները՝ 52 համարի ավտոբուսով, 1 համարը՝ 2 համարի ավտոբուսով և կսպասարկվի «Հայգեր» կամ «Գազել» տիպի ավտոբուսներով, մեկնարկը կտրվի հուլիսի 1-ին:

Կարդացեք նաև

19 և 29 միկրոավտոբուսային  երթուղիներում ևս փոփոխություն է տեղի ունեցել, այն կսպասարկվի համար 36 ավտոբուսային երթուղով և կապահովի կապը՝ Գաջեգործների փողոցից դեպի Արագածի փողոց: Կսպասարկվի հուլիսի 1-ից սկսած:

25 համարի միկրոավտոբուսային  երթուղին կփոխարինվի 37 համարի ավտոբուսով, 28 համարը՝ 40 համարի ավտոբուսով, և այստեղ ուղեգծում փոփոխություն է կատարվել. կսպասարկի Չարենց փողոցն ամբողջությամբ, ինչպես նաև Նար-Դոսի փողոցը:

75ա միկրոավտոբուսային  երթուղին  կփոխարինվի 68 համարի ավտոբուսով, 114 համարը՝ 25 համարի ավտոբուսով,
33 համարը՝ 43 համարի ավտոբուսով, որտեղ ուղեգիծը գրեթե ամբողջապես պահպանվել է, կգա Կոմիտասի պողոտայով: Մեկնարկը՝ օգոստոսի 1-ից:

37 համարի միկրոավտոբուսային  երթուղին  կփոխարինվի 59 համարի ավտոբուսով, 42 համարը՝ 50 համարի ավտոբուսով,
72 համարը՝  56 համարի ավտոբուսով։

Տեսանյութեր

Լրահոս