«Մինչ Փաշինյանը գնում է հակապետական զիջումների ու անկարողություն քարոզում սեփական հանրությանը, Ադրբեջանի ղեկավարը նոր վտանգավոր քայլերի նախերգանք է հնչեցնում». Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Ալիևի այսօրվա ելույթի դրույթները ևս մեկ անգամ փաստեցին մի պարզ իրողություն՝ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն կամ՝ այդ խաղաղության մեջ հայեր չկան:
Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին, այնքան վերջնագրային ելույթներով է հանդես գալիս Ալիևը:
Օրեր առաջ իմ հոդվածներից մեկում նշել էի, որ երբ Փաշինյանը անվերապահ ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, ապա դրանով «կանաչ լույս» է վառվում Ալիևի համար Արցախում ապրող հայերի դեմ գործողությունների գնալու առումով: Դրանով Հայաստանը ուղղակի վտանգում է 120,000 հայերի կյանքը:
Ի՞նչ միջազգային մեխանիզմի մասին է խոսքը, երբ Ադրբեջանի ղեկավարն ասում է. «Կամ նրանք վզները կախ կգան մեզ հետ խոսելու կամ հիմա ամեն ինչ այլ կերպ կզարգանա։ Նրանք կարող են համաներման հույս ունենալ միայն այն դեպքում, եթե ինքնակամ վայր դնեն իրենց բոլոր կեղծ պաշտոնները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Իմ խոսքը վերջնական է, և բոլորը դա գիտեն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ Հայաստանում։ Մենք անում ենք այն, ինչ ասում ենք: Եթե ես ասում եմ, որ համաներումը կարող է լինել տարբերակներից մեկը, նրանք չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը…»:
Սա Ալիևի ամենաթողության, անպատժելիության փայլուն օրինակ է ու սա ՀՀ իշխանությունների դիվանագիտական խայտառակ ձախողումների ցուցիչ է:
Ընդ որում, Ալիևն իր ելույթով նաև ժխտում է Փաշինյանի այն թեզը, որ Արցախի զիջումը բերելու է ՀՀ համար անվտանգության: Նա նշում է. «Քանի դեռ Հայաստանն ունի անկախություն, թեև ոչ դե ֆակտո, քանի դեռ Հայաստանի սահմանների հայեցակարգն ընդունվում է որոշակի իմաստով, նրանք պետք է ընդունեն մեր պայմանները: Եթե նրանք չեն ցանկանում սահմանազատում, ապա ոչ մի սահմանազատում չի լինի։ Ինչ էլ որ լինի, սահմանը կլինի այնտեղ, որտեղ մենք ասում ենք, որ այն պետք է լինի: Նրանք գիտեն, որ մենք կարող ենք դա անել: Ոչ ոք նրանց չի օգնի, ոչ եվրոպացի պաշտոնաթող ֆրանսիացի ոստիկանները, ոչ էլ մյուսները, ոչ ոք:
Ուստի դելիմիտացիան պետք է իրականացվի մեր պայմաններով, այսինքն ՝ արդար պայմանների հիման վրա։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, մեր ճանապարհը դեպի Նախիջևան պետք է բացվի, իսկ հայկական բանակի ներկայացուցիչները, որոնք դեռ Ղարաբաղում են, պետք է դուրս բերվեն այնտեղից: Սրանք են մեր պայմանները։ Ես այս պայմանների մասին խոսում եմ այստեղ՝ Լաչին քաղաքում, որպեսզի բոլորը տեսնեն, որ մենք այսօր այստեղ ենք և հավերժ կմնանք այստեղ ։ Թող իմանան, որ այստեղից մենք կարող ենք տեսնել հայկական գյուղերը։ Մենք կարող ենք տեսնել այդ գյուղերը, այնպես որ նրանք չպետք է մոռանան այդ մասին…»:
Սա Փաշինյանի «կադաստրային թղթեր» մասին անհեթեթ ու ադրբեջանահաճո թեզերի պատասխանն է: Երբ պետության ղեկավարն ասում է, որ պետության սահմաններն ամորֆ են ու ոչ ֆիքսված, դա լավագույն նվերն է ագրեսիվ հարևանի համար գնալ գործողությունների այդ երկրի դեմ ու մնալ անպատիժ: Ես էլ չեմ ասում Ալիևի կիրառած «ատելի թշնամի» տերմինը, որը հայերի դեմ վարվող ատելության քարոզչության հերթական դրևորումն են:
Պատահական չէ, որ սա հնչում է մոսկովյան հանդիպումից հետո, երբ «հայկական ծագմամբ ադրբեջանցի քաղաքացիներ» արտահայտությունը մնում է անպատասխան մեր ղեկավարության կողմից: Ալիևի ելույթը թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի դեմ գործողությունների ահազանգ է: Մինչ Փաշինյանը գնում է հակապետական զիջումների ու անկարողություն քարոզում սեփական հանրությանը, Ադրբեջանի ղեկավարը նոր վտանգավոր քայլերի նախերգանք է հնչեցնում: