
Ողբերգական վթար Կոտայքում․ կա 1 զոհ, 7 վիրավոր, մահացածն ու վիրավորներից մի քանիսը ըմբշամարտիկներ են

Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։