Կրեմլի վրա ԱԹՍ-ներով հարձակման հետևում կարող է կանգնած լինել Ուկրաինան. NYT-ի աղբյուրներ
Վաշինգտոնը կարծում է, որ մայիսի սկզբին Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևում կարող է կանգնած լինել Ուկրաինան: Այս մասին տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից:
Նման եզրակացություններ է արել ամերիկյան հետախուզությունը՝ ռուսական և ուկրաինական կողմերի հաղորդագրությունների գաղտնալսումների հիման վրա։ Նշվում է, որ այս տեղեկությունը New York Times-ին հայտնել են Սպիտակ տան աղբյուրները։
Ի սկզբանե ԱՄՆ որոշ պաշտոնյաներ Կրեմլի վրա հարձակումը դիտարկում էին որպես Մոսկվայի կողմից արված բեմադրություն, որը նախատեսված էր հակամարտությունը սրելու համար: Սակայն հետագայում ԱՄՆ-ն գաղտնալսել է հաղորդագրությունները, որոնցում ռուս պաշտոնյաները քննարկում էին միջադեպը և նախաքննության արդյունքները։ Պարզվել է, որ Ռուսաստանի իշխանությունները զարմացած են եղել անօդաչուների հարձակումից և կատարվածի համար մեղադրել են Ուկրաինային։
Ըստ NYT-ի՝ նույն կերպ պարզվել է, որ ուկրաինացի որոշ պաշտոնյաներ հակված են համարել, որ Կրեմլի վրա հարձակումն իրականացրել է իրենց երկիրը:
Աղբյուրները շեշտում են, որ ամերիկյան հետախուզության եզրակացությունները միայն ենթադրություն են։ Ուկրաինայի ներգրավվածության վերաբերյալ բավարար տվյալներ չկան։
Հրատարակությունը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն աշխարհում զենքի ամենամեծ մատակարարն է Ուկրաինային, և նման միջադեպերը խիստ անհանգստացնում են Ջո Բայդենի վարչակազմին։ Սպիտակ տունը մտավախություն ունի, որ դրանք կարող են պատրվակ տալ Ռուսաստանին՝ պատերազմն Ուկրաինայի սահմաններից դուրս տարածելու համար։
Ըստ պարբերականի՝ այս պահին ԱՄՆ-ն ուսումնասիրում է նաև այս շաբաթ ուկրաինամետ դիվերսիոն խմբերի կողմից ՌԴ Բելգորոդի մարզ ներխուժելու հանգամանքները։ Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ դա կարող էր լինել նաև Կիևում ծրագրված գործողություն՝ չնայած այն հանգամանքին, որ կամավորական խմբերն են ստանձնել դրա պատասխանատվությունը։
NYT-ը գրում է, որ ԱՄՆ-ում նաև հնարավոր են համարում, որ Ուկրաինան առնչություն է ունեցել ռուս քաղաքագետ, փիլիսոփա և հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դստեր՝ լրագրող Դարիա Դուգինայի սպանությանը. Դուգինան պայթեցվել էր մեքենայում անցյալ տարվա օգոստոսին:
Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն ստանձնել վերոնշյալ հարձակումների պատասխանատվությունը։