Եթե պարզվի իրավական հիմքը, պետք է պարզվի այդ անկլավների իրավական տարածքները, թե քանի քառակուսի կիլոմետր են. Փաշինյան
«Իրավական հարցերը պետք է ճշգրտվեն, որովհետև դրանք բարդ թեմաներ են: Ինչ ասում ենք, հետո պետք է գնանք, դրանց իրավական հիմնավորումները տանք: Որովհետև, եթե իրավական հիմնավորումները չտանք, այդ քաղաքական հայտարարությունները կմնան քաղաքական հայտարարություն»,- մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչպես է առանց իրավական հիմքերի անկլավները ճանաչում Ադրբեջանի մաս:
«Մենք ճանաչում, առերեսվում ենք, իրենք էլ են ընդունում, որ կա այդպիսի խնդիր: Ասում ենք՝ այդ հարցը հասցեագրելու համար եկեք գնանք, իրավական վերլուծություն անենք և իրավական վերլուծության արդյունքում ձևավորված քաղաքական իրողությունները ճշգրտենք և գնանք առաջ: Ինչ էլ խոսենք, պայմանավորվենք, իրավական ձևակերպում պետք է ստանա: Եթե պարզվի իրավական հիմքը, պետք է պարզվի այդ անկլավների իրավական տարածքները, թե քանի՞ քառակուսի կիլոմետր են: Որոնք ադրբեջանական են համարվում, քանի՞ քառակուսի կիլոմետր են, և որը հայկական է դիտարկվում և համարվում, քանի՞ քառակուսի կիլոմետր է: Սա կարևոր իրավական արձանագրում է: Հետո դա որ ունենանք՝ սրա վրա պետք է ճշգրտել այն քաղաքական մոտեցումը, դրա հիման վրա ձևավորել վերջնական դիրքորոշում: Դելիմիտացիայի, դեմարկացիայի հանձնաժողովների գործունեության կարևոր անելիքներից մեկը հենց դա պետք է լինի»,- շեշտեց Փաշինյանը: