Ինչո՞վ հերոսածին մայր չէ Աննա Հակոբյանը, որը զենքը ձեռքին առաջնագծում էր. Փաշինյան
«Շատ է խոսվում, որ հերոսի մայր է, շատ է խոսվում մեր նահատակների մասին: Ծնկի եմ գալիս բոլոր նահատակների շիրիմների առջև և խոնարհվում եմ բոլոր զոհվածների ծնողների, ընտանիքի անդամների, երեխաների առջև: Դեպքը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացի Աշոտ Փաշինյանի հետ, ով 2020թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ՝ որպես կամավոր, զինվորագրվել է բանակին, ընդ որում, ՀՀ օրենսդրության համաձայն՝ ինքը զորակոչի ենթակա չի եղել, որովհետև նոր էր ավարտել զինվորական ծառայությունը: Մարտական հանձնարարություն կատարելու ժամանակ հրետակոծության կամ հրթիռակոծության տակ է ընկել իր ջոկի հետ, ու այդ ժամանակ իր ծառայակից ընկերը, որի հետ պատսպարված և մարմնով իրար կպած են եղել, և իր ընկերը զոհվել է»,- մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ պարզ է՝ ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը չպետք է զոհվի: Ոչ ոք չէր կարող կանխորոշել, որ այդ բեկորը չի սպանելու իր որդուն:
«Ուզում եմ մի հարց տալ. եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլինի հերոս, իսկ եթե չի սպանել և միլիմետրերով անցել է իր կողքով, դառնում է հակահերո՞ս: Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա, որ միլիմետրերով անցել է, Աննա Հակոբյանը հերոսածին մայր չէ՞: Ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը կարո՞ղ է բացատել: Այդ ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին: Այսինքն, ուզում են ավարտին հասցնել այն առաքելությունը, որը չի հասցրել ադրբեջանական բեկո՞րը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: