Այս իշխանությունը մտել է Արցախի ու ՀՀ տարածքների՝ Ադրբեջանին փոխանցման գործընթաց. Տիգրան Աբրահամյան

«ՀՀ իշխանությունը մտել է Արցախի և ՀՀ ինքնիշխան տարածքների Ադրբեջանին հանձնման գործընթաց»,- այս մասին քիչ առաջ Կառավարության շենքի մոտ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Կառավարության շենքի մոտ ոստիկանության աննախադեպ ուժերի կուտակմանը, այսօր հրավիրված ասուլիսին ու հնարավոր զարգացումներին։

Նա նշեց, որ որևէ մեկի համար նորություն չէ, որ այս իշխանությունը պաշտպանություն ասելով՝ նկատի ունի միայն սեփական իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը և եղած ռեսուրսներն ուղղում է այդ ուղղությամբ։

Ըստ նրա, որտեղ պետք է լինի օպերատիվություն, պաշտպանություն, անվտանգություն, այս իշխանությունը դրա ներքո հասկանում է միայն սեփական, անձնական անվտանգության պահպանման հետ կապված հարցերը, ուստի այսօր և սրան նախորդած օրերի ընթացքում այն, ինչ տեսնում ենք Կառավարության շենքի մոտ, մեր հասարակության որևէ ներկայացուցչի համար նորություն չէ։

«Որևէ այլ դասական պայմաններում մենք չէինք կարող հավաքվել, Դուք չէիք կարող լուսաբանել նման ակցիա, որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում, սա զուտ միայն սարքված, շինծու գործ չէ, սա կոնկրետ անձի նկատմամբ հետապնդում է, և այդ անձն իր կարգավիճակով՝ հերոսի ծնող է։ Սա ուղիղ կապ ունի, առանց չափազանցության, մեր երկրի պաշտպանության և մեր ԶՈւ բարոյահոգեբանական վիճակի հետ, որովհետև յուրաքանչյուր զինծառայող, նույնիսկ յուրաքանչյուր մարդ, ով պահեստազորում է և կարող է զորակոչվել իր երկրի պաշտպանության համար, իրեն դնում է այս մարդկանց փոխարեն»,- ասաց պատգամավոր Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ասուլիսին, որն արդեն մեկնարկել է, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ ակնհայտորեն ծանր գործընթացների մեջ է Հայաստանը, որովհետև այն հայտարարությունները, որոնք հնչել են Բրյուսելում, դրանից առաջ, ըստ էության, ցույց են տալիս, որ ՀՀ այս իշխանությունը մտել է, բառիս բուն իմաստով, Արցախի հանձնման գործընթաց և ՀՀ ինքնիշխան տարածքների Ադրբեջանին հանձնման գործընթաց։

«Այսօր իշխանությունը նպատակ ունի այս գործընթացը մարսեցնել հասարակության համար, ներկայացնել այնպիսի փաթեթավորմամբ, որ այլ տարբերակ իբրև թե չի էլ եղել, և ներկայացնել Արցախի ու Հայաստանի տարբեր բնակավայրերի հանձնման գործընթացը՝ որպես օրինաչափություն։

Այլ բացատրություն այստեղ չի կարող լինել։ Վերջին բրյուսելյան հանդիպումը բովանդակային որևէ նորություն չէր պարունակում, սակայն նախորդ հանդիպումներից մեկ տարբերություն ուներ՝ այստեղ երկրների տարածքային ամբողջականությունը նշված էր քառակուսիներով, այսինքն՝ սա նաև հասարակության բոլոր խմբերի համար վերջնական ազդակ պետք է լինի՝ այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսվում էր, դրված է այս իշխանության արտաքին քաղաքական կուրսի հիմքում և այն տանում է դրան»,- եզրափակեց Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս