Էլվինա Մակարյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Մետաքսյա Սիմոնյանի անուններով փողոցներ կանվանակոչվեն
Մայիսի 23-ին՝ Երևանու ավագանու հերթական նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև մի շարք փողոցներ անվանակոչելու հարցը:
Երևան քաղաքի ավագանին կորոշի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցն (սկսվում է Հովհաննես Գրիգորյան փողոցից, հասնում Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցի հ.36 հասցե) անվանակոչել հայ երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանի անվամբ` «Էլվինա Մակարյան փողոց»:
Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 13-րդ փողոցը՝ նրբանցքով, կանվանակոչվի հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Այծեմնիկ Ուրարտուի անվամբ` «Այծեմնիկ Ուրարտուի փողոց», «Այծեմնիկ Ուրարտուի փողոց, 1-ին նրբանցք»:
Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 4-րդ փողոցը (սկսվում է Արա Հարությունյան փողոցից, հասնում Նորքի 13-րդ փողոց) կանվանակոչվի հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Երեմ Վարդանյանի անվամբ` «Երեմ Վարդանյան փողոց», իսկ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 11-րդ փողոցն կանվանակոչվի հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի անվամբ` «Արփենիկ Նալբանդյան փողոց»:
Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցին զուգահեռ` Հալաբյան-Շինարարներ ընկած փողոցը կանվանակոչվի դերասանուհի, Երևանի պատվավոր քաղաքացի, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի անվամբ` «Վարդուհի Վարդերեսյան փողոց»:
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի` Մազմանյան փողոցին զուգահեռ, Մազմանյան փողոցից սկսվող, Բաշինջաղյան փողոցով ավարտվող փողոցն էլ կանվանակոչվի դերասանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մետաքսյա Սիմոնյանի անվամբ՝ «Մետաքսյա Սիմոնյան փողոց»: