Ի՞նչ անհամապատասխանություններ է արձանագրել ՀՊ-ն՝ ԿԳՄՍՆ-ում

Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքները:

Մի քանի ուշագրավ դրվագներ հաշվեքննությունից

Ամփոփագրից տեղեկանում ենք, որ արձանագրվել են մի շարք անհամապատասխանություններ: Այսպիսով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007թ. հունվարի 9-ի հրամանի անհամապատասխանության հետևանքով, օրինակ, հաշվեքննությունն ընդգրկող ժամանակահատվածում «Աշխատողների աշխատավարձեր և հավելումներ – 4111» հոդվածից վճարվել է 162 միլիոն 276 հազար դրամի չափով պարգևատրում, որը չի դասակարգվել և չի արտացոլվել «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ – 4112» հոդվածում, ինչ իր հերթին՝ հանգեցրել է հաշվետվության խեղաթյուրմանը։

Մեկ այլ անհամապատասխանություն է արձանագրվել «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» թիվ 968-Ն որոշմամբ հաստատված ֆինանսավորման կարգի 4-րդ կետով սահմանված պահանջների նկատմամբ, որի հետևանքով աշխատավարձի տարեկան ֆոնդը շուրջ 349 միլիոն 773 հազար դրամով ավելի է հաշվարկվել:

Կարդացեք նաև

Այս առնչությամբ ԿԳՄՍՆ դիրքորոշում է հայտնել՝ նկատելով, որ այդ կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգի համար սահմանված բանաձևի բաղադրիչները կիրառելիս հիմք են ընդունվել իրավական ակտով սահմանված մեծությունները և չափերը։ ՀՊ-ն, սակայն, ԿԳՄՍ նախարարության տրամադրած պարզաբանումը բավարար չի համարել:

Ուշագրավ է, որ նախարարության կողմից «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» միջոցառման հաշվեքննությամբ էլ արձանագրվել է, որ 4 հաստատություններ ներառված չեն եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2015թ. թիվ 852-Ա/Ք հրամանում, և դրանց համար սահմանված չեն եղել հաշվարկային թվեր, սակայն ԿԳՄՍՆ-ն 4 ուսումնական հաստատություններին տվյալ ծախսային ուղղության շրջանակներում հատկացրել է 20 միլիոն 712 հազար դրամ: Իսկ այդ բուհերն են Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը, Եվրոպական համալսարան հիմնադրամը, Հայաստանում ամերիկյան համալսարան հիմնադրամը և Երևանում Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը:

ԿԳՄՍ նախարարությանը 23 ծրագրերի իրականացման համար տարեկան բյուջեով նախատեսվել է հատկացնել 87 միլիարդ 807 միլիոն 122 հազար դրամ, հաշվետու ժամանակահատվածի ճշգրտված պլանը կազմել է 80 միլիարդ 830 միլիոն 301 հազար դրամ, փաստացի ֆինանսավորումը՝ 77 միլիարդ 768 միլիոն 554 հազար դրամ կամ՝ կատարողականը կազմել է շուրջ 96%:

Տեսանյութեր

Լրահոս