«Որևէ մեկն Ադրբեջանին չի կանգնեցնելու. Ադրբեջանին կանգնեցնելու մեկ տարբերակ կա». Արգիշտի Կիվիրյան
«Դիվանագիտությունն արդյունավետ է լինում, եթե ռազմական հնարավորությունները քո ձեռքում են: Այն, ինչ Ադրբեջանն անում է սահմանում, ցավոք, հայկական կողմի համար դառնալու է ապրելակերպ: Դա դեռ շատ երկար շարունակվելու է, ընդ որում՝ չկա որևէ երաշխիք, որ անգամ պայմանագրի ստորագրումից հետո այն չի շարունակվի»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ նկատելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ ոչ թե լուծեց խնդիրները, այլ հակառակը՝ ստեղծեց նոր խնդիրներ:
«Քանի դեռ վերականգնված չէ աշխարհաքաղաքական, ինչպես նաև երկու պետությունների միջև ռազմաքաղաքական պարիտետը, այս գործընթացները մշտապես շարունակվելու են: Հայկական կողմը եթե ուզում է սրանից գոնե ինչ-որ չափով կամ առավելագույնս խուսափել, ապա պետք է մշտապես զբաղվի բանակաշինությամբ, պետականաշինությամբ: Հենց Ադրբեջանը հասկանա, որ կրակելը վտանգավոր է, ինքը չի կրակի, այլ պարագայում մշտապես այս ճնշումները լինելու են»:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս օրերին բավականին ակտիվ խոսում է հայկական բանակի մարտունակությունից, և մտավախություններ են հնչում, որ կարող է տավուշյան սցենարը կրկնվել, որի վերաբերյալ «44-օրյա պատերազմի ծագումը» խորագրով հոդվածում Փաշինյանը հետևյալն էր գրել. «2020թ. հուլիսյան մարտերն էական ազդեցություն ունեցան իրադրության գնահատականի վրա: Մեր բանակը ոչ միայն դիմակայեց, այլև մարտական դիրքում և մարտերի ընթացքում մենք ոչ մի զոհ չունեցանք, ոչ մի զոհ: Մեր զոհերը թիկունքում էին նահատակվել: Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը՝ հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերն անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում»:
Արգիշտի Կիվիրյանը նկատեց, որ եթե Ադրբեջանը որոշի գնալ պատերազմի, ինքնուրույն էլ կստեղծի այդ առիթը. «Ես չունեմ հստակ տվյալ, թե ինչ արդյունավետությամբ են այնտեղ իրականացվել գործընթացները: Հայկական քարոզչական հնարքներին ես անձամբ երբեք չեմ հավատում, առավել ևս՝ այս իշխանության քարոզչական հնարքներին: Բոլորս էլ լավ հիշում ենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանություններն ու իրենց քարոզիչները հայկական բանակն արդեն հասցրել էին Բաքվի մատույցներին, արդեն Գետաշեն էին մտել, և այլն, և բոլորս հիշում ենք, թե ինչով դա ավարտվեց: Հավատալ Անդրանիկ Քոչարյանին՝ մի տեսակ ծիծաղելի է, այնպես չէ, որ ինքը մշտապես փայլում է ճիշտ տեղեկատվություն տալով և սկզբունքայնությամբ, որ հիմա նրա այս հայտարարությանը հավատանք: Ըստ իրավիճակի՝ կհասկանանք, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ էր սպասվում: Հիմա մենք այլընտրանք չունենք, քան վերականգնել պետականությունն ու բանակը: Ընդ որում՝ հիմա խոսում են այս իշխանության ներկայացուցիչները, մոռանալով, որ և՛ մինչև 2020թ. պատերազմը, և՛ դրանից հետո իրենք էին զբաղված բանակի կազմաքանդմամբ: Բանակը հասցրել են այս օրին և Հայաստանը՝ որպես պետություն, թողել են անպաշտպան այս իշխանությունները: Դրանից հետո պարզ է, որ որևէ մեկը Ադրբեջանին չի կանգնեցնելու, որևէ մեկը դրանում շահ չունի: Մենք տեսնում ենք, թե ինչպես է իրեն պահում ՀԱՊԿ-ը, ԵՄ դիտորդները. ո՞ւր էին այս վերջին օրերին այդ դիտորդները: Իրենք այցելում են բոլոր տեղերը, իսկ ո՞րն է իրենց առաքելության արդյունավետությունը: Մարդիկ դիտումներ են իրականացնում, ընդ որում՝ այդ դիտումների տվյալները տալիս են նաև ադրբեջանական կողմին: Բայց նրանց հայտնվելուց հետո ներկայացվում էր, որ փրկիչները եկան, վերջ, սրանից հետո հայոց սահմանները պաշտպանված են: Այն ժամանակ էլ ես բացատրում էի, որ որևէ լուրջ բան իրենցից պետք չէ ակնկալել: Հայոց պաշտպանությունը ցանկացած դեպքում այլընտրանք չունի: Մնացածը կարող են ընդամենն արձանագրել, կարող են դիտումներ իրականացնել, անգամ օգնության առումով, պետություններն օգնում են դիմադրողներին: Եթե դու քեզ վրա ես վերցնում դիմադրության 80-90 տոկոսը, այդ պարագայում դու կարող ես ակնկալել, որ 10-20-30 տոկոսով ինչ-որ մեկը կգա և քեզ կօժանդակի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում