Բաժիններ՝

Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ի նոր ղեկավար է նշանակել

Ամերիկացի միլիարդատեր, ձեռնարկատեր, Tesla, SpaceX և Twitter ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ի համար նոր գործադիր տնօրեն է աշխատանքի վերցրել:

Ընկերության սեփականատերը նշել է, որ նոր աշխատակցուհին իր պաշտոնավարումը կսկսի 6 շաբաթից: Իսկ Մասկը կստանձնի գործադիր նախագահի և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրենի դերը:

Ամիսներ առաջ Մասկը Twitter-ում քվեարկություն անցկացրեց. սոցցանցի օգտատերերը կողմ քվեարկեցին, որ նա հրաժարվի ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից:

BBC-ն հայտնում է, որ Մասկի այս հայտարարությունից հետո Tesla-ի բաժնետոմսերի գինն աճել է: Բաժնետերերը մինչ այս Իլոն Մասկին մեղադրում էին այն բանում, որ Twitter-ի ձեռքբերումից հետո նա լքել է Tesla-ն՝ վնաս հասցնելով ընկերությանը:

Ըստ ամերիկյան մի քանի լրատվամիջոցների՝ Twitter-ի գործադիր տնօրեն կարող է դառնալ NBCUniversal-ի գովազդային բաժնի ղեկավար Լինդա Յակարինոն: Twitter-ն այս թեմայի շուրջ մեկնաբանություն չի արել, NBCUniversal-ը՝ նույնպես:

Իլոն Մասկը Twitter-ը գնել է 2022 թ.-ի հոկտեմբերին՝ նշելով, որ գնում է այդ քայլին, որպեսզի պաշտպանի ազատ խոսքը: Ընկերության կառավարումը ստանձնելուց հետո Մասկն աշխատանքից ազատել է հազարավոր աշխատակիցների՝ փորձելով կրճատել ծախսերը: Անցյալ ամիս Մասկը BBC-ին հայտնել է, որ Twitter-ի ձեռքբերումից անմիջապես հետո սոցիալական ցանցից հեռացած գովազդատուների մեծ մասը վերադարձել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս