Բաժիններ՝

«Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին

Երիտասարդ, խարիզմատիկ երգչուհի Բրյունետը, որի «Բաց կապույտ աչքերդ», «Smoke break» երգերը ճանաչում բերեցին նրան ու ճանապարհ հարթեցին դեպի «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթ, մայիսի 11-ին մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարելուց և եզրափակիչ անցնելուց հետո խոսել է իր ելույթի և եվրատեսիլյան «Future Lover» երգի առանձնահատկությունների մասին:

Բրյունետը շատերին անակնկալի բերեց ելույթի ժամանակ պարային դադարով, որը բացակայում է երգի արդեն տարածված տարբերակում և հոլովակում:

«Բոլոր այն մարդկ, որոնք ճանաչում են ինձ, գիտեն, որ ես սիրում եմ պարել, և մենք որոշեցինք պարային հատված ավելացնել երգին, երբ ես գրում էի այն: Մենք երգի երկու տարբերակ ունեինք՝ մեկն առանց պարային դադարի, մյուսը՝ պարային դադարով: Եվ շատ դժվար էր դա գաղտնի պահել: Ես անընդհատ ասում էի, որ անակնկալ ունեմ, և այդ անակնկալը հենց պարային դադարն էր: Եթե սիրեցիք այն, շնորհակալ եմ»,-մրցույթից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշել է երգչուհին:

Անդրադառնալով երգում շոշափվող հոգեկան առողջության թեմային՝ Բրյունետը խոստովանել է, որ իր համար դժվար է խոսել այդ մասին: «Երբ ես երգում ասում եմ «խուճապի նոպաներ» (panic attacks), հենց դա նկատի ունեմ: Շատ մարդիկ են բախվում հոգեկան առողջության խնդիրներին, և ես ևս բախվել եմ դրան: Պարզապես ցանկանում էի բոլորին ասել, որ ամեն ինչ կարգին է, բնական է նման պարագայում վատ զգալը»,-շեշտել է Բրյունետը և մեջբերել երգի հաջորդ տողերը, որոնցում ասվում է, որ պետք է լինել լավը, անել լավն ու լավ տեսք ունենալ:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 11-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 13-ին:

«Future Lover» երգը, որը մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է, բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: «Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,-ավելի վաղ նշել էր երգչուհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս