
ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից Լիսաբոն տեղափոխելու հնարավորությունը

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ խաղը Ստամբուլից Լիսաբոն տեղափոխելու հարցը։
ՈՒԵՖԱ-ն մտահոգություններ ունի, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից հետո անկարգություններ կարող են լինել, եթե դրանց արդյունքներով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի իշխանությունն ավարտվի։
Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լիսաբոն տեղափոխելու հարցի շուրջ ոչ պաշտոնական քննարկում է ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։
Ստամբուլը պետք է ընդուներ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերը 2020 և 2021 թվականներին, սակայն երկու դեպքում էլ եզրափակիչի անցկացման վայրը տեղափոխվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին: