Իսպանիայի վարչապետը Փելոսիին է հանձնել Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիին հանձնել է Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ։
«Վաշինգտոնում ես պատիվ ունեցա Նենսի Փելոսիին հանձնելու Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ Խաչը», – գրել է Իսպանիայի վարչապետը։
Նա Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին անվանել է «կին, որը կարողանում է կամուրջներ կառուցել և պաշտպան կանգնել ժողովրդավարությանն ու ազատությանը»:
Սանչեսը մայիսի 11-ից այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Այսօր նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Կաթոլիկ Իզաբելի շքանշանն Իսպանիայի քաղաքացիական շքանշան է, որը շնորհվում է պետությանը մատուցած ծառայությունների համար։ Տարբեր տարիներին այդ պարգևն ստացել են ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումա հայրը, խորհրդային և ռուս պարուհի Մայա Պլիսեցկայան (1925-2015), իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն (1933-2018), Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Դյուրչանը, ուրուգվայցի ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանը, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և ուրիշներ: