2020թ. հունիսի 5-ին ասել եմ՝ անդունդն ենք ընկնելու, Արցախն ենք հանձնելու. Գագիկ Ծառուկյան
«Ցանկացած պետություն, ժողովուրդ ունենում է տապալումներ, ձախողումներ, և մենք դրան էլ պետք է պատրաստ լինենք, ոչ թե ձեռքներս ծալենք, նստենք, սգանք: Մենք աշխատող ժողովուրդ ենք, պայքարող: Ունենք փայլուն երիտասարդություն՝ բոլոր բնագավառներում: Մասնակցում են միջազգային մրցույթների, միշտ հաղթող են լինում: Դա նշանակում է, որ հաղթող ժողովուրդ ենք, միայն պետք է կարողանանք մեր սխալներն ուղղել և դա ապացուցել ամբողջ աշխարհին»,- Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով՝ եթե լինի համերաշխություն, այդ ժամանակ կլինի ազգի վերելքը:
«2020թ. հունիսի 5-ին ասել եմ, թե մեզ ի՞նչ է սպասվում, և բոլորս էլ կարող ենք գնալ, նայել. ասել եմ, որ անդունդն ենք ընկնելու, Արցախն ենք հանձնելու, լինելու է պահ, որ Արցախում սով է լինելու: Կանգառը կլինի այն ժամանակ, երբ ժողովուրդը խելքի գա, միասնական լինի, և համերաշխություն լինի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: