«Շուշիում սեր գտանք, այնպիսի սեր, որ Լիբանանում չկար, Երևանում չզգացինք…». Լիբանանահայ Թոնի

Լիբանանահայ Թոնի Հաժժարի կյանքը հայրենիք վերադառնալուց հետո ամբողջովին փոխվեց։ 2020 թվականի կորոնավիրուսի ժամանակ Թոնին կնոջ՝ Ցոլերի և որդու՝ Նարեկի հետ Լիբանանից վերադարձավ Հայաստան՝ նպատակ ունենալով հաստատվել Երևանում ու աշխատել իր մասնագիտությամբ։

Թոնին մասնագիտությամբ խոհարար է: 2020 թվականի կորոնավիրուսի հետևանքով Լիբանանում շատ ռեստորաններ փակվեցին, Թոնին կորցրեց աշխատանքը և որոշեց՝ ժամանակն է վերադառնալ հայրենիք։ Սկզբում՝ Երևանում, այնուհետև՝ Էջմիածնում ապրելուց հետո Թոնին հասկացավ, որ Հայաստանում իրեն օտար է զգում, հենց այդ ժամանակ էլ որոշեց գնալ Արցախ։

Թոնին այժմ Դուբայի Աբու Դաբի քաղաքում ռեստորանային ցանցի մենեջեր է, ընտանիքը Երևանում է, շուտով տղան ու կինը կգնան Դուբայ՝ որոշ ժամանակ միասին անցկացնելու համար, հետո կինն ու որդին կրկին կվերադառնան Երևան, իսկ Թոնին կշարունակի աշխատել՝ փայփայելով այն երազանքը, որ մի օր կրկին վերադառնալու է ազատագրված Շուշի։

Կարդացեք նաև

«Շուշիում, առանց չափազանցնելու, սեր գտանք»

– Հայաստանում ապրելով՝ ընտանիքիս չեմ կարողանում պահել, չեմ կարողանա հոգալ նրանց կարիքները։ Ինքս առավելություն ունեմ, որ գիտեմ ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, այդ պատճառով էլ Դուբայում աշխատելո՝վ ընտանիքիս ապահովում եմ նյութապես։

Նախկինում Արցախում եղել էինք, շատ էինք հավանել, խնայված փոքր գումար ունեինք, որոշեցինք, որ գնանք Շուշի, այնտեղ փոքր հացատուն հիմնենք ու ապրենք։ Այսինքն՝ Արցախի հետ կապված ծրագրեր ունեի։ Տեղափոխվելուց առաջ գնացինք Արցախ, շրջեցինք, մեզ համար այն մի քիչ ավելի էմոցիոնալ իմաստ է ունեցել, որովհետև մեր ազատագրված հայրենիքն է։ Մոնթեն Արցախն ազատագրողներից մեկն է եղել, և նա լիբանանահայ է եղել։

Շուշի տեղափոխվեցինք 2020 թվականի օգոստոսին, ստացվեց, որ պատերազմի ամիսներն էլ հետը՝ այնտեղ ապրեցինք 2-3 ամիս։ Շուշիում հենց առաջին օրը մեզ տրամադրեցին տուն, վարձ չէինք տալիս, Շուշիի քաղաքապետարանը շատ լավ վերաբերմունք ցույց տվեց՝ քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի գլխավորությամբ, միայնակ չթողեցին։

Շատ սիրեցինք Շուշին, նախկինում այն մեզ համար ազատագրված սուրբ հող էր, երբ սկսեցինք այնտեղ ապրել, այլ նշանակություն ունեցավ՝ սուրբ հողի հետ միասին՝ դարձավ սեր տվող, մենք Շուշիում, առանց չափազանցնելու, սեր գտանք, այնպիսի սեր, որ Լիբանանում չկար, Երևանում չզգացինք։ Երևանում մեզ այնքան լավ չէինք զգում, որքան Շուշիում, իրապես կարճ, բայց լավ օրեր ապրեցինք այդ սուրբ հողում։

«Մտածում էի՝ ինչ քաղաքական զիջումների գնան, ինչ դավաճանություններ էլ լինեն՝ Շուշին Ադրբեջանը չի կարող գրավել»

– Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, առաջին 15 օրերին մտածում էինք, որ ադրբեջանական հերթական սադրանքն է և շուտով կավարտվի։ Դրա համար որդուս ու կնոջս հետ Շուշիից դուրս չեկանք, որդիս այդ ժամանակ 2 տարեկան էր։ Երևանից մեզ ասում էին՝ որդիդ փոքր է, եկեք Երևան, բայց մենք վստահում էինք մեր հայ բանակին ու զինվորներին, մտածում էինք, որ կավարտվի։

Երբ իրավիճակը 15 օր անց թեժացավ, Շուշին ռմբակոծեցին, ես որդուս ու կնոջս տարա Աղավնո՝ գյուղապետ Անդրանիկ Չաուշյանի մոտ։ Ես երիտասարդ տղաների հետ մնացի Շուշիում։ Մտածում էի, որ ինչ էլ լինի, Շուշին մնալու է հայկական, ինչ քաղաքական զիջումների գնան, ինչ դավաճանություններ էլ լինեն, Շուշին Ադրբեջանը չի կարող գրավել։ Եթե չեմ սխալվում՝ պատերազմի 38 կամ 39-րդ օրը մեզ ասացին, որ դուրս գանք Շուշիից։

«Իմ ընտանիքի կյանքի շարունակության հետագա ճանապարհը տեսնում եմ Շուշիում»

– Դժբախտաբար, ամեն ինչ կորցրեցինք։ Այն քիչ գումարը, որն ունեինք, կորցրեցինք, կորցրեցինք նաև Նարեկիս մանկության ունեցած հիշողությունը, որը կապված է Շուշիի հետ։

Ինքս պատերազմից ու Շուշիի կորստից հետո ունեցա առողջական խնդիրներ, այդ ամենը մեծ նեղություն էր մեզ համար, վստահ եմ՝ յուրաքանչյուր հայ այդպիսի զգացմունքներ է ունեցել։ Դրսում ապրելով, այս պահին շատ բաներ չեմ հասկանում, թե ինչ է լինելու մեր հայրենիքի հետ։ Իմ բոլոր նպատակները կապված են Արցախի հետ, հույս ունեմ, որ Շուշին ազատագրելուց հետո կվերադառնանք և ընտանիքով կրկին կապրենք այնտեղ։ Իմ ընտանիքի կյանքի շարունակության հետագա ճանապարհը տեսնում եմ Շուշիում։

Շուշիի հետ կապված հիշողություններն ամենալավ հիշողություններն են, մեր կյանքի լավագույն օրերը ապրեցինք այնտեղ՝ կինս, տղաս ու ես։

Շուշիի օդը, սերը, մեր հարևանները, նման բան չէինք տեսել ո՛չ Երևանում, ո՛չ Լիբանանում։ Շուշիում մենք իսկական հարազատներ ունեինք։ Ապրում էինք Շուշիի մշակույթի տան մոտ, հարևաններիս մեկ առ մեկ անուններով հիշում եմ։

Մենք Շուշի գնացինք այնպես, ինչպես երեխան գնում է մոր գիրկը, իրապես այդ զգացողությունները չեմ կարող բառերով նկարագրել։ Ես հիմա Շուշին հիշելուց չեմ կարող չհուզվել։ Զգացինք ընտանիքի, սիրո, հայրենիքի մթնոլորտը։

Արցախը մեր դրախտն է, հանգիստը, կարճ ժամանակ էր, բայց երանելի ժամանակ էր։

«Մեկ ամիս շարունակ կարիքի մեջ էինք ապրում, չգիտեինք՝ ինչ ենք անելու, ու ինչպես է լինելու»

– Պատերազմից ավարտից հետո ընտանիքիս հետ վերադարձանք Երևան, ապրելու տեղ չունեինք, բարեկամներիցս մեկը նկուղը տրամադրեց, որ ապրենք, շատ դժվար օրեր անցկացրեցինք։

Մեկ ամիս շարունակ կարիքի մեջ էինք ապրում, չգիտեինք՝ ինչ ենք անելու, ու ինչպես է լինելու։ Չգիտեի՝ ինչ պետք է անեմ, որպեսզի ընտանիքիս համար հաց վաստակեմ։ Ես չեմ ուզում ասել, որ Երևանում մարդիկ լավը չեն, բայց դեպքեր եղան, որից ես շատ նեղվեցի։

Երևանում գտել էի մի բենզալցակայան, երբ տնօրենին ասացի, որ սփյուռքից եմ, աշխատանք եմ փնտրում, ասաց՝ քեզ համար աշխատանք չունեմ։ Ես շատ վատ զգացի ինձ, հիմա երբ արդեն ունեմ իմ աշխատանքը, մտածում եմ, որ այդ մարդը կամ իր նման մարդիկ ոչ թե ազգին են ներկայացնում, այլ իրենք իրենց։ Հիմա այդ բարդ ժամանակները մոռացել եմ։

Մինչև Դուբայ գալս Ղազախստանում էի աշխատանք գտել, այնտեղ թուրքերը շատ էին, ինձ վատ էի զգում զուտ պատերազմի արդյունքների համար, որովհետև մեր նախկին հաղթանակի հպարտությունը կորցրել էինք։ Այսինքն՝ քաղաքական պարտության պատճառով հազարամյակների պատմություն ունեցող երկիր, ազգ ամոթ է ապրում։ Մտածում էի՝ իմ երկրում կա դավաճան, ով պարտություն է կրել, տվել է 5000 զոհ, դրա համար մենք ամոթ ենք զգում, դրա համար միանգամից եկա Դուբայ։

Հաճախ եմ մտածում՝ որպես ազգ՝ ի՞նչ պետք է լինենք, ի՞նչ է սպասվում մեր զավակներին։ Իմ ցանկությունն է, որ Արցախն ազատագրվի, չեմ պատկերացնում՝ առանց Արցախի Հայաստանն ինչպես է լինելու, այդ դեպքում Հայաստանը վատ իրավիճակի մեջ է հայտնվելու, թեպետ արդեն հայտնվել է։

«Գոնե մեկ անգամ պետք է  մտածենք, թե մեր երկրի շահն ի՞նչ է պահանջում»

– Որպես ազգ՝ հիմա մեր միակ անելիքը միասնական լինելն է, պետք է միավորվենք մեկ նպատակի համար՝ հայրենիքի ազատագրման համար։

Հասկանում եմ, բոլոր քաղաքական գործիչներն իրենց շահերն ունեն։ Հասկանում եմ նաև՝ մարդ կա՝ ուզում է ռուսի, մարդ կա՝ թուրքի հետ ապրել։ Գոնե մեկ անգամ պետք է մտածենք, թե մեր երկրի շահն ի՞նչ է պահանջում, ո՞րն է մեզ համար լավը, գոնե մեկ անգամ այս մասին պետք է մտածենք ու միավորվենք։

Հանուն սեփական շահի արաբական երկրներում թշնամի երկրներն են նույնիսկ միավորվում, մեր շահը ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ չէ, վստահաբար եմ ասում, պետք է գտնենք այն երկիրը, որի հետ մեր շահերը համընկնում են։ Ազատագրենք երկիրը, դրանից հետո ով կլինի նախագահ, ով՝ ղեկավար մարմին, դա արդեն երկրորդական հարց է։

Դուբայում սովորական քաղաքացիները քաղաքականությամբ չեն զբաղվում, ղեկավարության դեմ չեն խոսում, սա այն պատճառով է, որ մարդիկ որևէ խնդիր չունեն, նրանք բոլորն ապահոված են, անվտանգ են, դրա համար նրանց հետաքրքիր չէ, թե ղեկավարությունն ինչ է անում։

Տեսանյութեր

Լրահոս