Բաժիններ՝

Աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն ուսանողների համար. աշխատանքի տոնավաճառ՝ Տնտեսագիտական համալսարանում

Կրթական ծրագրերի պրակտիկ կողմը ապահովելու, աշխատաշուկայում ուսանողների համար մասնագիտություն գտնելը հեշտացնելու, կարիերայի զարգացման հնարավորություններին, հեռանկարներին ծանոթացնելու համար մայիսի 5-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ կազմակերպեց Աշխատանքի տոնավաճառ:

Մասնակիցների շարքում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 80 հայաստանյան առաջատար գործատուներ. պետական հատվածից՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, նախարարություններ, Կենտրոնական բանկ և այլ, իսկ մասնավոր հատվածից՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա, Ամերիաբանկ, Արդշինբանկ, HSBC բանկ, Ինգո Արմենիա, Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերություններ, Երևանի կոնյակի գործարան, Երեմյան փրոջեքթս, Դը Գուրուս, Դաբըլ թրի բայ Հիլթն, Երևան սիթի սենթը, Տելեկոմ Արմենիա և այլ խոշոր կազմակերպություններ։

«Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդումը ցանկացած ֆորմատով կարևոր է: Տոնավաճառի ֆորմատը մեզ համար ավանդական է դարձել: Նկատում ենք, որ արդեն երրորդ տարին է գործատուներն էլ ավելի մեծ հետարքրքրություն են ցուցաբերում: Անցյալ տարի մեր տոնավաճառին մասնակցել է 55 գործատու, իսկ այս տարի՝ 80 գործատու, որոնք հիմնականում ներկայացնում են տնտեսագիտական մասնագիտությունների իրենց թափուր հաստիքները, բայց նաև այլ թափուր հաստիքներ ևս, քանի որ տանավաճառը ոչ միայն բաց է ՀՊՏՀ ուսանողների, այլև բոլոր այցելուների համար»,- ասաց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ նման միջոցառումները նպաստում են աշխատաշուկա-բուհ կապի զարգացմանը:

«Աշխատաշուկա մտնելիս կարևոր են ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքները: Նման տոնավաճառները հնարավորություն են տալիս ուսանողներին ավելի շուտ մտնել աշխատաշուկա և պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել: Աշխատաշուկան ունի որակյալ մասնագետների կարիք, իսկ որակյալ մասնագետ լինելը չի նշանակում միայն դիպլոմ ունենալ, կարևոր են նաև պրակտիկ գիտելիքները»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ առաջիկայում կքննարկվի կամավորության մասին նոր օրենք, որը ևս կնպաստի գիտելինքերի, փորձի ձեռքբերմանը և լավ հնարավորություն կլինի ինքնադրսևորման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս