Բաժիններ՝

Սերբիայի իրավապահները ձերբակալել են զանգվածային հրաձգության կասկածյալին

Սերբիայում իրավապահներին հաջողվել է ձերբակալել 8 զոհի և 14 վիրավորի պատճառ դարձած զանգվածային հրաձգության կասկածյալին: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Շարժվող մեքենայում գտնվող 21-ամյա երիտասարդը ավտոմատ զենքից կրակ էր բացել Բելգրադից 60 կմ հարավ գտնվող Դուբոնա գյուղում: Հրաձգությունը տեղի էր ունեցել մայիսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում: Ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել է այսօր՝ տեղի ժամանակով ժամը 08:40-ին, Կրագուևաց քաղաքի մոտ:

Ձերբակալությանը նախորդել են լայնածավալ որոնողական աշխատանքներ, որոնցում ներգրավվել է ավելի քան 600 իրավապահ:

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ կասկածյալը սկսել է կրակել մարդկանց վրա այն բանից հետո, երբ Դուբոնայի զբոսայգիներից մեկում վիճաբանություն է ունեցել ոստիկանության սպայի հետ:

Սա վերջին երկու օրվա ընթացքում զանգվածային հրաձգության երկրորդ միջադեպն է Սերբիայում: Մայիսի 3-ին 13-ամյա դեռահասը Բելգրադի դպրոցներից մեկում կրակ էր բացել համադասարանցիների վրա: Դեպքի հետևանքով զոհվել էր 8 աշակերտ և դպրոցի անվտանգության աշխատակիցը: Եվս 6 մարդ վիրավոր է:

Տեղի ունեցած հրաձգություններից հետո Սերբիայի կառավարությունն առաջարկել է խստացնել զենքի շրջանառության մասին օրենքները:

Մինչև այս շաբաթ Սերբիայում զանգվածային հրաձգություններ հազվադեպ էին տեղի ունենում: Երկրում գործում են զենքի շրջանառության հետ կապված խիստ օրենքներ, այնուամենայնիվ, Սերբիայում զենք ունեցող մարդկանց թիվը բավական մեծ է:

BBC-ն նշում է, որ 1990-ականների պատերազմներից և խռովություններից հետո Արևմտյան Բալկաններում հարյուր հազարավոր անօրինական զենքեր կան: 2019 թ.-ի տվյալների համաձայն՝ Սերբիայում 100 մարդուն բաժին է ընկնում 39,1 հրազեն, ինչը աշխարհում երրորդ ամենաբարձր ցուցանիշն է՝ ԱՄՆ-ից և Չեռնոգորիայից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031