Վաշինգտոնյան բանակցություններն ավարտվում են. հաջորդ կանգառը՝ Մոսկվա՞
Մինչ Վաշինգտոնում ավարտին է մոտենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնած Երևան-Բաքու երեք օր տևած բանակցային ռաունդը, փորձագիտական հանրության դիտակետում Մոսկվան է և Մոսկվայի ապագա դերակատարությունն այս գործընթացում:
Դա, թերևս, կախված է այն արդյունքներից, որը կարձանագրեն վաշինգտոնյան բանակցությունները:
Չնայած Վաշինգտոնի ակնկալիքներին և արձանագրումներին, որ կա առաջընթաց, կա նաև տպավորություն, որ Վաշինգտոնի ակնկալիքները բավարարված չեն: Վաշինգտոնում սպասում էին, որ քննարկվող «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը կրող փաստաթղթի շուրջ աշխատանքները կավարտվեն և կմնա այն վավերացնել Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը, որը կարող է տեղի ունենալ հունիսի 1-ին Քիշնևում սպասվող եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովի շրջանակում:
Նախօրեին հանդիպելով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան իր էջում գրել էր, որ տեսնում է առաջընթաց, ողջունում ու խրախուսում է շարունակել բանակցությունները: «Կայուն և արդար համաձայնագիրն առանցքային կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորություններ բացելու համար»,- վստահություն է հայտնել Սալիվանը:
«Ուրախ էինք այսօր Սպիտակ տանը հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին»,- նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ բանակցությունների երրորդ օրը՝ ելույթ ունենալով իր իսկ հրավիրած համաժողովում, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մայիսին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ռուսաստանում:
«Երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախարարների բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա այս ամիս՝ Ռուսաստանում»,- Շուշիում կայացած համաժողովի ժամանակ ասել է Ալիևը:
Նա օգտակար և անհրաժեշտ է որակել Երևանի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունները։ «Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք շարժվել այս ուղղությամբ»,- ասել է Ալիևը:
Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների բանակցությունները գոնե տեսանելի առաջընթաց կբերեն։
Իր հերթին՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ է հաջողվել առաջ շարժվել ԼՂ-ում և մասնավորապես` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, պատասխանել է.
«Նախևառաջ, նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ժամանակին հաջողվեց մարել թեժ հակամարտությունը: ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը հենց կրակի դադարեցման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին է»:
Գալուզինի խոսքով` երկխոսության ճանապարհով պետք է առաջ շարժվել չորս հիմնական ուղղություններով` տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակում, երկխոսություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, երկու երկրի միջև սահմանազատում և հարաբերությունների հարթում` հանրային ու խորհրդարանական ուղղություններով, առանց որոնց` դժվար է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին:
«Հակամարտության կարգավորման հիմնական բաղադրիչները, մասնավորապես` կրակի դադարեցումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում առանցքային ուղղությունների ձևակերպումը, ինքնին ձեռքբերում են։ Այդ սկզբունքները ձևակերպված են եղել և սկսել են կյանքի կոչվել բացառապես ՌԴ և նախագահ Պուտինի միջնորդական առաքելության շնորհիվ»,- ասել է նա: Գալուզինը նշել է, որ Ռուսաստանն այս տարիներին չորս ուղղություններով փորձել է պրակտիկ քայլեր ձեռնարկել, յուրաքանչյուրի ուղղությամբ լուրջ ներուժ և հիմքեր են մշակվել հետագա առաջխաղացման համար:
«Հասկանալի է, որ այնպիսի հին ու զգայուն կոնֆլիկտային իրավիճակների կարգավորումը, ինչպիսին ԼՂ-ում և նրա շուրջ տեղի ունեցողն է, եթե իրատեսորեն նայենք, չի կարող ընթանալ առանց անհարթությունների և խնդիրների»,- նշել է Գալուզինը:
168.am-ի հետ զրույցում վրացի նախկին դիվանագետ Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ վաշինգտոնյան բանակցությունների արդյունքը չափազանց կարևոր է՝ հասկանալու համար, թե ինչպես կընթանան աշխարհաքաղաքական զարգացումները ռեգիոնում:
Ըստ նրա, եթե Վաշինգտոնին հաջողվի այն, ինչ նախապես ծրագրված էր, ապա Մոսկվայի ազդեցությունը Երևանի ու Բաքվի նկատմամբ էապես կնվազի, և կողմերի կախվածությունը Մոսկվայի միջնորդական ջանքերից կվերանա:
«Իսկ եթե այս բանակցությունները տապալվեն, բնականաբար, ինչպես ակնարկ եղավ օրերս ՌԴ ԱԳՆ խոսնակի կողմից, կկազմակերպվի հանդիպում Ռուսաստանում, դա էլ իր հերթին՝ թուլացնելու է Արևմուտքի դերն ու ջանքերի արդյունավետությունը:
«Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն» ընտրությունում կարևոր է հենց կողմերի տրամադրվածությունը: Նման ծանր բանակցային գործընթացում երբեմն կողմերն իրենք են միջնորդից միջնորդ անցում կատարում՝ փորձելով այս կամ այն բևեռից ինչ-որ ավել բան ստանալ»,- ասաց վերլուծաբանը:
Ըստ նրա, ըստ երևույթին, ամենևին պատահական չէ Ալիևի հայտարարությունը, որ Մոսկվայում հանդիպում է լինելու:
«Միգուցե ադրբեջանական կողմը դժգոհ է ԱՄՆ-ի բանակցություններից կամ ակնկալիքներ ունի Ռուսաստանի միջնորդությունից՝ բարդ է ասելը, սակայն, ինչպես երևում է, նախարարական հանդիպումների այս շարքն այս ամիս վերջինը չէր, եթե հայկական կողմը համաձայնի մեկնել Ռուսաստան:
Այնուամենայնիվ կարգավորման տեսանկյունից և աշխարհաքաղաքական նման բարդ իրավիճակում միջնորդների նման ինտենսիվ փոփոխությունը չի խոսում գործընթացի օգտին։ Ավելին՝ այն խոցելի է դարձնում, քանի որ այդ միջնորդները մրցակցում են միմյանց հետ, փորձում խանգարել միմյանց: Սա չափազանց լուրջ գործոն է, որը չի կարելի անտեսել: Բայց կարծես գործընթացն այդ ուղով է գնում»,- ասաց նա: