Տեղեկությունը, թե Ռոբերտ Քոչարյանը հեռանում է քաղաքականությունից՝ գոնե այս պահին իրականությանը չի համապատասխանում. Արծվիկ Մինասյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Հայրենիքի փրկության շարժման ընթացքում, երբ ընդդիմությունը խորհրդարանում չէր, կարող էին հասարակությանը համախմբել, իհարկե, ոչ այն քանակով, որպեսզի Նիկոլ Փաշինյանն առհասարակ չկարողանար ձայներ ստանալ։
«Հասարակական որոշակի պահանջ կար, հիմա իրենք Ֆեյսբուքի առաջ նստած քննադատելո՞վ են ուզում հասարակությանը համախմբել, դե թող դուրս գան փողոցային ակցիա իրականացնեն, մենք էլ գնանք իրենց կողքին կանգնենք։ Ճշմարտությունը հետևյալի մեջ է, ամեն մեկը՝ իրեն ընդդիմադիր համարող անձը, պետք է կանգնի կոնկրետ ծրագրի շուրջ, որպեսզի հեռացնենք այս մարդկանց, պետք է ամեն մեկը կարողանա հասարակության հետ աշխատել, մարդկանց պիտի բացատրի ստեղծված վիճակը, որ մարդը ոչ թե իր օրվա ճաշը պետք է ուտի ու հետո հանգիստ նստի ու սկսի քննադատել, այլ որևէ քայլ անի։ Մենք փողոցային որևէ ակցիա չենք բացառել, մենք ասել ենք՝ այդ բոլոր գործողությունները, և միշտ ենք ասել, պետք է համատեղ իրականացնել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ պայքարի համար պետք է չթողնեն և՛ փողոցը, և՛ ԱԺ ամբիոնը, երկուսն էլ պետք է օգտագործեն։
Ընդդիմադիր խմբակցության քարտուղարը հույս հայտնեց, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելուց և նրա պատասխանից հետո ժողովրդի աչքերը կբացվեն, այս պահին գոնե այլընտրանք չկա։ Իսկ եթե այս պահին այլ անձինք և ուժեր կան, որոնք այլ ճանապարհ են առաջարկում, ապա առանց որևէ ակնկալիքի՝ իրենք պատրաստ են նրանց աջակցել։
Արծվիկ Մինասյանը հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից, այդ պատճառով էլ «Հայաստան» դաշինքը պասիվ է։
«Այդ տեղեկությունը գոնե այս պահին իրականությանը չի համապատասխանում։ Ինչ վերաբերում է կոնկրետ նախագահ Քոչարյանի ծրագրերին կամ մոտեցումներին, ապա առաջիկայում, երբ մամուլի ասուլիս հրավիրի, ինքն այդ մասին կխոսի»,- շեշտեց նա։
Այսօր Թուրքիայի արտգործնախարարի տեղական հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունն էր տարածվել, որը վերաբերում էր Թուրքիայի օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար փակելուն: Մևլութ Չավուշօղլուն պարզաբանել էր, թե ինչու են փակել օդային տարածքը. պատճառը օրերս Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրումն էր:
Անդրադառնալով Թուրքիայի կայացրած այս որոշմանը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ Չավուշօղլուի այդ հայտարարությունը ոչնչով չի տարբերվում հայասպան ու ցեղասպան թուրքի հայտարարությունից։
«Չավուշօղլուն պիտի տեղեկացված լինի, որ դատարանը Թալեաթ փաշային մահապատժի էր դատապարտել, և այն իրականացրել է հայ վրիժառուն»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։