Արթուր Ալեքսանյանը նպատակ ունի Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր դառնալ
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նպատակ ունի Փարիզի Օլիմպիական խաղերում դառնալու ոսկե մեդալակիր:
«Իմ ամեն հաղթանակ իր տեղն ունի, քանի որ գիտեք, թե դրա համար որքան աշխատանք ենք տանում մարզիչների հետ միասին: Մեր հավաքականն աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է։ Ամեն ինչ անելու ենք աշխարհի գալիք առաջնությանը լավագույնս մասնակցելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանյանը:
Ալեքսանյանի խոսքով` ինքը ցավով է հիշում Տոկիոյի Օլիմպիական խաղերը, քանի որ լավ մարզավիճակում էր և պատրաստ երկրորդ Օլիմպիական ոսկուն:
«Փարիզի Օլիմպիական խաղերին պատրաստվել սկսել եմ Տոկիոյի խաղերի ավարտից անմիջապես հետո: Մեկ նպատակ ունեմ` այն, ինչը չստացվեց Տոկիոյում, անել Փարիզում․ դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Ինձնից կախված ամեն ինչ անելու եմ»,-ասաց նա:
Օրեր առաջ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցել էր բուլղար Կիրիլ Միլովի հետ: Հայ ըմբիշը հաղթել էր 5:1 հաշվով: Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի բրոնզե, Ռիոյի` ոսկե, Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Ալեքսանյանը 4 անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում, 6 անգամ՝ Եվրոպայի առաջնությունում: Նա նաև 2019 թվականի Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր է: