
19-ամյա երիտասարդը Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին

Ապրիլի 29-ին, ժամը 20.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ազատության պողոտայում ընկերոջը դանակահարել են, նա բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 19.40-ին Ազատության պողոտայի բիզնես կենտրոնի տարածքում հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վիճաբանել է մի խումբ անձանց հետ, որի ընթացքում Մուսալեռ գյուղի 19-ամյա բնակիչը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք է պատճառել նրան:
Ոստիկանության ՔՈԳՎ, Բագրատաշենի բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 30-ին, ժամը 02.55-ին, մուսալեռցի 19-ամյա երիտասարդը Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: