Բաժիններ՝

Պետք է լուրջ աշխատանք տանել սթրեսակայուն հասարակություն ունենալու համար․ գլխավոր դատախազն անդրադարձավ Հայաստանում ինքնասպանությունների աճին

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մտահոգիչ է համարում Հայաստանում ինքնասպանության դեպքերի ավելի քան 60 տոկոսով աճը՝ նշելով, որ արդեն իսկ ուղենշել են ինքնասպանությունների պատճառների վերհանման աշխատանքները։ Աննա Վարդապետյանը թեմային անդրադարձել Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում դատախազության գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելու ընթացքում։

«Մեզ իսկապես մտահոգում է ինքնասպանությունների աճը։ Մենք ուղենշել ենք պատճառների վերհանման աշխատանքները։ Թեև դա դատախազության պարտականությունը չէ, բայց կոնկրետ վարույթների շրջանակներում, այդ թվում՝ ոչ միայն քաղաքացիական անձանց, այլ նաև զինվորական ծառայություն անցնող անձանց շրջանակներում վերհանված պատճառների մասին մենք միջնորդագրերով պարբերաբար տեղեկացրել ենք, բայց հիմա ավելի ինտենսիվ կտեղեկացնենք համապատասխան մարմիններին, օրինակ ՊՆ-ին, պաշտպանության նախարարությանը և այլն»,- ասաց Վարդապետյանը։

Պատճառները, ըստ դատախազի, բազմազան են՝ սկսած դեպրեսիվ որոշակի դրսևորումներից, որոնք կարող են պայմանավորված լինել ինչպես անհատական, այնպես էլ հասարակական որոշակի երևույթներով, իհարկե, վերջացրած մոլախաղերով, այդ թվում ժամանցային խաղերով, որոնք որոշակի ազդեցություն ունեն մարդու մենթալ վարքագծի, հոգեբանության վրա։

«Այստեղ լուրջ հոգեբանական աշխատանքի անհրաժեշտություն կա, սակայն ոչ թե անհատական, այլ որոշակի ինստիտուցիոնալ մակարդակով, օրինակ՝ կրթական ծրագրերում բավականին լուրջ աշխատանք է պետք տանել սթրեսակայուն հասարակություն ունենալու համար, որովհետև մենք ապրում ենք տեղեկատվական աղմուկի մեջ, իսկ այդ աղմուկը երբեմն ուղղակի թափվում է շատ անպատրաստ ուղեղների վրա։ Այս առումով մենք հաջորդ ամփոփմանը արդեն կոնկրետ առաջարկներով հանդես կգանք արդեն պետական մակարդակով խնդիրը հասցեագրելու համա»,- նշեց Վարդապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս