Սուդանի ԱԱՈւ-ն 72-ժամյա հրադադար է հայտարարել
Սուդանի «Արագ աջակցության ուժերը» (ԱԱՈւ) հայտարարել է, որ կպահպանի 72-ժամյա հրադադարը, չնայած Սուդանի բանակի հետ շարունակվող ծանր մարտերին:
Հրադադարն ուժի մեջ է մտել այսօր տեղի ժամանակով առավոտյան ժամը 6:00-ին (Երևանի ժամանակով 8:00-ին):
«Հրադադարը համընկնում է օրհնված Իդ ալ-Ֆիտր տոնի հետ, և բացում է մարդասիրական միջանցքները քաղաքացիների տարհանման համար և նրանց հնարավորություն է տալիս ողջունել իրենց ընտանիքներին», – ասվում է ԱԱՈւ-ի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ հեռուստաալիքը հաղորդում է, որ ուրբաթ օրը վաղ առավոտյան Խարթումը ցնցվել է ուժեղ հրետանային գնդակոծությունից։ ԱԱՈւ-ն մեղադրել է Սուդանի զինված ուժերին մայրաքաղաքի վրա «լայնածավալ գրոհ» կազմակերպելու մեջ։
Սուդանի բանակը որևէ մեկնաբանություն չի արել այն մասին՝ արդյոք պատրաստ է պահպանել հրադադարի ռեժիմը։ Անցյալ շաբաթ օրը սկսված բախումներից հետո արդեն մի քանի անգամ հրադադար է հայտարարվել, սակայն դրանք բոլորը տապալվել են:
Կողմերին հրադադարը պահպանելու կոչ է արել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որն առանձին հեռախոսազրույցներ է վարել Սուդանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանի և երկրի «Արագ աջակցության ուժերի» (ԱԱՈւ) ղեկավար Մոհամեդ Համդան Դագլոյի հետ:
Բուրհանը և Դագլոն նախկինում Սուդանի իշխող ռազմական կառավարությունում դաշնակիցներ էին:
Կողմերի միջև սկսված ծանր մարտերի ընթացքում առնվազն 350 խաղաղ բնակիչ է զոհվել, կան հազարավոր վիրավորներ:
Իրավիճակը Սուդանում բարդացել է շաբաթ օրը, երբ երկրի մայրաքաղաք Խարթումում և մի շարք այլ քաղաքներում բանակի և «Արագ աջակցության ուժերի» միջև բախումներ սկսվեցին ծանր զինատեսակների կիրառմամբ։ «Արագ աջակցության ուժերի» հրամանատարության հայտարարություններում ասվում է, որ ներկայիս իրադրությունն ստեղծվել է այն բանից հետո, երբ զինված ուժերը, առանց որևէ նախնական ծանուցման, շրջափակման մեջ վերցրին իրենց բազաներից մեկը Խարթումի հարավային արվարձանում։ Բանակի հրամանատարությունն իր հերթին իր գործողությունները բացատրել է նրանով, որ «Արագ աջակցության ուժերը» վերջին ժամանակներս մեկ անգամ չէ, որ գործել է առանց զինվորականների հետ որևէ համաձայնեցման։