Իրավապահները թմրամիջոցների իրացման բազմադրվագ դեպք են բացահայտել․ 10 անձ ձերբակալվել է
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը թմրամիջոցների իրացման բազմադրվագ հերթական դեպքն է բացահայտել։
Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, թմրաշղթայի առաջին օղակը ոստիկանների տեսադաշտում հայտնվել է ապրիլի 5-ին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել են Երևանի 25-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0,41 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և ծալովի դանակ:Դեպքի առթիվ ապրիլի 5-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Շենգավիթի բաժնի ծառայողները քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ պարզել են, որ 25-ամյա երիտասարդին թմրամիջոցն իրացրել է մայրաքաղաքի 56-ամյա մի բնակիչ։ Նա ապրիլի 7-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու և իրացնելու հիմքով ձերբակալվել է։
Ապրիլի 7-ին ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արտաշիսյան փողոցի՝ 56-ամյա տղամարդուն պատկանող տնակում։ Հայտնաբերվել են 0,7 գրամ մեթանֆետամին, 0,75 գրամ ափիոն և 280 մլգ մեթադոն տեսակի թմրամիջոցներ:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզվել է նաև, որ 56-ամյա տղամարդուն թմրամիջոց է իրացրել 41-ամյա մի տղամարդ։ Նա ապրիլի 11-ին ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու հիմքով ձերբակալվել է և, իր վարած «Ֆոլքսվագեն» մեքենայով և ուղևորներով հանդերձ, տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 6,1 գրամ մեթամֆետամին, իսկ ուղևորների մոտից՝ 2,92 գրամ մարիխուանա և մոխրացած հետքերով ծխամորճ:
Իրավապահների միջոցառումներով պարզվել է նաև 41-ամյա տղամարդուն թմրանյութեր իրացրած անձի ինքնությունը, որը Երևանի 56-ամյա մեկ այլ բնակիչ է։
Բացահայտման աշխատանքներին միացել են նաև ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները։
Ապրիլի 20-ին ՔՈԳՎ և Շենգավիթի ոստիկանները, ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների հետ, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմքով ձերբակալել են 56-ամյա տղամարդուն։
Նույն քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել 56-ամյա տղամարդու հետ փոխկապակցված անձի՝ 47-ամյա կնոջ՝ Վաղարշապատում գտնվող բնակարանում։ Արդյունքում հայտնաբերվել են 366,78 գրամ հաշիշ, 89,13 գրամ ափիոն, 2,11 գրամ մեթամֆետամին թմրամիջոցներ, 4500 եվրո կեղծ թղթադրամներ, ինչպես և թմրամիջոցի հետքերով 3 կշեռք և բազմաթիվ կոլբաներ:
Շարունակելով միջոցառումները՝ իրավապահները նույն օրը ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմքով ձերբակալել են Երևանի 51-ամյա մի բնակչի, ինչից հետո խուզարկվեց նրա՝ Ֆանարջյան փողոցի բնակելի տան հարակից շինությունը․ հայտնաբերվել է 8,38 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:
Նշված շինության հարակից տարածքում հայտնաբերվել է նաև մայրաքաղաքի 48-ամյա մի բնակիչ, որը նույն կասկածանքով ձերբակալվեց։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին 0,57 գրամ մեթամֆետամին, մոխրացված հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ:
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ապօրինի թմրաշրջանառությունը, որպես մարդկության առողջության դեմ ուղղված հանցագործություն, չարիք է ամբողջ աշխարհում։ Ցավոք, ապօրինի թմրաշրջանառության ծավալները մեծանում են՝ պայմանավորված նաև տեխնոլոգիաների զարգացմամբ՝ հատկապես տելեգրամյան ալիքներով։
«Հորդորում ու պահանջում ենք զերծ մնալ թմրանյութերի օգտագործումից և դրանք շրջանառելուց: Թմրամոլության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է։ Հետևաբար, ամեն օր նոր թափ է ստանում հանցատեսակի դեմ պայքարը և առավել պարբերական՝ ապօրինի թմրաշրջանառությանը հակազդելու միջոցառումները»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։