Դիրիժոր և թավջութակահար Միքայել Հախնազարյանը ելույթ կունենա Կամերային նվագախմբի հետ
Գերմանիայից Հայաստան ժամանած դիրիժոր, թավջութակահար Միքայել Հախնազարյանն ապրիլի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):
Կհնչեն Յոզեֆ Հայդնի, Լուիջի Բոկերինիի, Մեչիսլավ Վայնբերգի, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները:
Միքայել Հախնազարյանին միշտ ոգեշնչել է Սթիվեն Իսերլիսը: Նա բազմիցս մասնակցել է Իսերլիսի վարպետության դասերին։ Հախնազարյանը մշտապես հանդես է գալիս որպես մենակատար։ Ելույթներ է ունեցել Բասկոնիայի ազգային նվագախմբում, Լյուցեռնի սիմֆոնիկ նվագախմբում, Բեռնի կամերատայում, անվանի դիրիժորներ Նիկոլաուս Հարնոնկուրտի, Ֆրանց Վելստեր-Մոստի և Քրիստոֆ ֆոն Դոնյանիի հետ։ Վերջին տարիներին ելույթ է ունեցել Մյունխենի, Բազելի կամերային, Գշտատի փառատոնի նվագախմբերի, Բեռնի կամերատայի կազմում՝ որպես թավջութակահարների կոնցերտմայստեր։
2001- 2004 թվականներին Միքայել Հախնազարյանը եղել է Ցյուրիխ լարային քառյակի անդամ։ 2004-ից հանդես էր գալիս Բազելի ակադեմիայի քառյակի կազմում, մինչև 2008 թվականը, երբ առաջարկ ստացավ ելույթ ունենալու բեռլինյան հայտնի «Կուս» քառյակի կազմում, որը ելույթ է ունեցել Վիեննայի հռչակավոր Մուսիկֆերայնում, Նյու Յորքի Քարնեգի Հոլլում, Լոնդոնի Վիգմոր Հոլլում, Ռեյնգաուի, Վերբիեի փառատոներում։ Կամերային համերգների շրջանակներում ելույթ է ունեցել Մոյկա Էրդմանի, Շարոն Քամի, Լիֆ Օվե Անդսնեսի, Միկլոշ Պերենյիի, Կիրիկ Գերշտայնի, Պիեր-Լորան Էմարի հետ։
Այսօր նա Մյունխենի կամերային նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստերն է, հաճախ ելույթ է ունենում Բեռլինի ֆիլհարմոնիկի կազմում։ Հախնազարյանը նվագում է 1735 թվականին ստեղծած Անդրեա Կաստանյերիի թավջութակով։